1Տասնմեկերորդ տարում՝ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-
3այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես քո դեմ եմ, Տյուրո՛ս, բազում ազգերի քո դեմ եմ հանելու, ինչպես որ ծովն է ելնում իր ալիքներով։
4Նրանք Տյուրոսի պարիսպները կործանելու են, նրա նաև աշտարակներն են կործանելու։ Հողն էլ նրա վրայից ցրիվ եմ տալու և այն ապառաժի եմ վերածելու։
5Ծովի մեջտեղում նա ուռկաններ գցելու տեղ է լինելու, որովհետև ե՛ս խոսեցի”,- ասում է Տերը՝ Աստված։- “Ազգերի համար նա ավար է դառնալու.
6նրա դուստրերը բնակավայրից դուրս սրով են սպանվելու։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։
7Ամենակալ Տերն այսպես է ասում. «Ահա ես, Տյուրո՛ս, հյուսիսից քո դեմ եմ հանելու բաբելացիների թագավոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքա է՝ կառքերով ու երիվարներով, բազմաթիվ ազգերի գունդ-գունդ հեծյալներով։
8Նա քո դուստրերին բնակավայրից դուրս սրով կոտորելու է, շուրջդ պահակություն է հաստատելու, փոս փորելու, պատնեշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու, իր գեղարդները քո ուղղությամբ է պահելու,
9պարիսպներդ ու աշտարակներդ իր սրով է կործանելու։
10Նրա հեծյալների բազմությունից առաջացած փոշին ծածկելու է քեզ. հեծյալների և նրանց անիվների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպես մեկը դաշտից քաղաք է մտնում։
11Իրենց երիվարների սմբակներով հրապարակներդ կոխկրտելու են, ժողովրդիդ սրով կոտորելու է, զորավոր ամրոցներդ հողին է հավասարեցնելու։
12Ամրոցներդ ավարի է մատնելու, ունեցվածքդ՝ կողոպտելու, պարիսպներդ՝ կործանելու, շքեղ ապարանքներդ՝ տապալելու, քարերը, փայտերն ու հողն էլ ծովն է թափելու։
13Նա երաժիշտներիդ բազմությունը ցրելու է, և քո մեջ երգի ձայներ այլևս չեն լսվելու։
14Քեզ ապառաժի եմ վերածելու, ուռկաններ գցելու տեղ ես լինելու։ Այլևս չես վերաշինվելու, որովհետև ես խոսեցի»,- ասում է Ամենակալ Տերը։
15Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, վիրավորների հեծեծելուց, քո մեջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները։
16Ծովի ժողովուրդների բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահերից, գլուխներից իրենց խույրերը հանելու են, իրենց գույնզգույն հագուստներից մերկանալու են, ուժեղ տագնապելու են, գետնին են տապալվելու, իրենց կործանման ժամանակ զարհուրելու են, հոգոց են հանելու քեզ վրա,
17ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։
18Կղզիներն են սարսափելու քո կործանման օրից. ծովիդ կղզիներն են խռովվելու քո անկումից”։
19Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Երբ քեզ՝ քաղաքդ, ավերածության մատնեմ այն քաղաքների պես, որ այլևս չեն բնակեցվել, երբ անդունդները քեզ վրա հանեմ, ու քեզ առատ ջրեր ողողեն,
20քեզ իջեցնելու եմ նրանց մոտ, ովքեր խորխորատ են իջել՝ հավիտենապես հավաքվածների մոտ, քեզ երկրի ընդերքում եմ բնակեցնելու՝ իբրև հավիտենական ավերակ, նրանց կողքին, ովքեր հավիտենապես խորխորատ են իջել, որպեսզի այլևս բնակելի չդառնաս, կյանք ունեցող երկրի վրա չվերահաստատվես։
21Կորստյան եմ մատնելու քեզ, և դու այլևս գոյություն չես ունենալու։ Փնտրվելու ես, բայց հավիտյան չես գտնվելու»։