Ezekiel 25NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր ամովնացիների դեմ և մարգարեացի՛ր նրանց վերաբերյալ։

3Ամովնացիներին կասես. “Լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերն այսպես է ասում. այն բանի համար, որ չարախնդացիք իմ պղծված սրբարանի, կործանված Իսրայելի երկրի, գերության մատնված Հուդայի տան վրա,

4այդ պատճառով ես ձեզ ահա մատնում եմ Կեդեմի որդիների ձեռքը՝ որպես ժառանգություն։ Իրենց մեղքերով բնակվելու են քո մեջ, իրենց վրանները կանգնեցնելու են քո մեջ, ուտելու են քո պտուղը, խմելու քո կաթը։

5Ամովնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամովնացիներին՝ արածող հոտերին։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։

6Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկեցիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգեպես ուրախացար Իսրայելի երկրի վրա,-

7այդ պատճառով ահա ես ձեռքս քո դեմ եմ պարզելու և քեզ ավար եմ դարձնելու ազգերի մեջ։ Քեզ ոչնչացնելու եմ ժողովուրդների միջից, քեզ հաստատապես կորստյան եմ մատնելու երկրների միջից։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը”»։

8Մովաբի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Մովաբն ու Սեիրն ասացին, թե՝ “Ահա ինչպես մյուս ազգերն են, նույնպես էլ Իսրայելի և Հուդայի տունն է,

9այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրավանդակների կողմից, ընտրագույն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբյուրից ավելի վերև է՝ ծովեզերքի մոտերքը։

10Կեդեմի որդիներին էլ, ամովնացիների հետ, տվել եմ նրան՝ որպես ժառանգություն, որպեսզի ամովնացիների հիշատակն ազգերի մեջ չմնա։

11Մովաբից էլ եմ վրեժխնդիր լինելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։

12Եդովմի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Եդովմը վրեժխնդիր եղավ Հուդայի տնից, ոխ պահեց ու վրեժ պահանջեց,

13այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։

14Եդովմից Իսրայելի իմ ժողովրդի միջոցով եմ վրեժխնդիր լինելու. Եդովմի հետ վարվելու են իմ բարկության ու զայրույթի համեմատ։ Ու կճանաչեն իմ վրեժխնդրությունը”»,- ասում է Ամենակալ Տերը։

15Փղշտացիների դեմ։ «Այդ մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ այլազգիները ոխ պահեցին, զայրույթով ու չարախնդությամբ վրեժխնդրություն գրգռեցին՝ իսպառ ոչնչացնելու,-

16ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես ձեռքս պարզելու եմ այդ այլազգիների դեմ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստյան եմ մատնելու մնացած ծովեզերաբնակներին

17ու նրանցից վրեժխնդիր եմ լինելու մեծամեծ կշտամբանքներով ու զայրույթով։ Ու կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը, երբ նրանցից վրեժխնդիր լինեմ”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 25.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.