Ezekiel 31NEA

1Տասնմեկերորդ տարում՝ երրորդ ամսին, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ եգիպտացիների արքային, ու նրա զորքին ասա՛. “Քո ամբարտավանության մեջ քեզ ո՞ւմ հետ համեմատեցիր։

3Ահա Ասուրը՝ իբրև մի նոճի Լիբանանում՝ գեղեցիկ ճյուղերով, թավ ոստերով ու մեծությամբ բարձր. ամպերի մեջ էր նրա կատարը։

4Ջուրը նրան սնուցել էր. խորքային ջրերը նրան բարձրացրել էին, նրա գետերն էին բերել իր տունկերի շուրջը, իր ջրանցքներն էին տարածել դաշտի բոլոր ծառերի ուղղությամբ։

5Դրա համար էլ նա բարձրացավ ավելի վեր, քան դաշտի բոլոր ծառերը. նրա ոստերը տարածվեցին, ճյուղերը բարձրացան՝ շնորհիվ առատ ջրերի։

6Ու երբ ծավալվեց, երկնքի բոլոր թռչունները նրա ճյուղերին բնակություն հաստատեցին, վայրի բոլոր կենդանիները նրա ոստերի տակ ձագեր հանեցին, և բազմաթիվ ազգեր նրա հովանու ներքո բնակություն հաստատեցին։

7Ճյուղերի երկարության շնորհիվ նա գեղեցկացել էր իր բարձրությամբ, որովհետև նրա արմատներն էլ առատ ջրերի մեջ էին։

8Աստծու դրախտի եղևնին, կաղնին ու նոճին չէին հավասարվում նրա ճյուղերին, մայրիներն ու սոսիները չէին նմանվում նրա ոստերին։ Աստծու դրախտի ոչ մի ծառ գեղեցկությամբ չէր նմանվում նրան,

9որովհետև նա սաղարթախիտ ոստեր ուներ։ Աստծու բերկրալից դրախտի բոլոր ծառերը նախանձում էին նրան”»։

10Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ չափից շատ բարձրացար, ճյուղերիդ ծայրերը հասան ամպերին, և ես տեսա ամբարտավանությունդ,

11քեզ մատնեցի ազգերի իշխանի ձեռքը։ Նրան կործանման մատնեցին.

12նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։

13Ու երբ տապալվեց, երկնքի բոլոր թռչունները հանգիստ առան նրա վրա, վայրի բոլոր կենդանիները նրա բնի վրա հասան,

14որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։

15Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Այն օրը, երբ նա գերեզման իջավ, խորքային ջրերը նրա վրա սգացին։ Խափանեցի նրա գետերը, խցանեցի հորդ ջրերը։ Նրա վրա Լիբանանը տխրեց. դաշտի բոլոր ծառերը նրա պատճառով լքված մնացին։

16Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։

17Նրանք գերեզման իջան նրա հետ՝ սրից խոցվածներով հանդերձ։ Իսկ նրա զավակները, որ բնակություն էին հաստատել նրա հովանու ներքո, զրկվելով իրենց կյանքից, բնաջնջվեցին։

18Ո՞ւմ հետ համեմատվեցիր զորությամբ, փառքով ու մեծությամբ՝ բերկրալից ծառերի մեջ։ Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո բերկրալից դրախտի ծառերով հանդերձ, անթլփատ ննջեցյալների մեջ՝ սրով խոցվածների հետ։ Այսպես են լինելու նաև փարավոնն ու նրա զորքերի ողջ բազմությունը»,- ասում է Տերը՝ Աստված։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 31.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.