Ezekiel 23NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մոր դուստրեր.

3իրենց մանկության հասակում պոռնկացան Եգիպտոսում։ Այնտեղ նրանց ստինքները թուլացան-կախվեցին, այնտեղ նրանք զրկվեցին իրենց կուսությունից։

4Ավագ դստեր անունը Ոողա էր, քրոջ անունը՝ Ոողիբա։ Նրանք իմը եղան և տղաներ ու աղջիկներ ծնեցին. սրանց անուններն էին, Սամարիայինը՝ Ոողա, Երուսաղեմինը՝ Ոողիբա։

5Ոողան, ինձ թողնելով, պոռնկացավ, աչքը գցեց իր հոմանիների՝ իրեն հարևան ասորեստանցիների վրա,

6որոնք ծիրանի ու կարմիր էին հագնում, իշխանների ու զորագլուխների, երիտասարդների, ամեն ինչով ընտրյալների, սպառազեն, երիվարներով հեծյալների վրա։

7Ոողան իր պոռնկությունը տարածեց նրանց վրա, Ասորեստանի բոլոր ընտրյալ որդիների վրա, բոլոր նրանց վրա, որոնց հետևից գնացել էր իր բոլոր խորհուրդներով, ու պղծվեց։

8Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկությունը չթողեց նա, որովհետև նրանց հետ պղծվում էր իր մանկությունից ի վեր. նրանք էին կուսությունից զրկել նրան, իրենց պոռնկությունը թափել նրա վրա։

9Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց հետևից էր նա գնում։

10Նրանք մեջտեղ հանեցին սրա խայտառակությունը, նրա տղաներին ու աղջիկներին վերցրին, սրան էլ սրով սպանեցին։ Եվ կատարվեց կանանց խոսքը. նրանից վրեժ լուծեցին իր դուստրերի միջոցով։

11Այս բանը տեսավ նրա քույր Ոողիբան և իր ապականված ցանկասիրությամբ իր քրոջը գերազանցեց, իր քրոջը գերազանցեց նաև պոռնկությամբ։

12Գնաց իրեն հարևան ասորեստանցիների հետևից՝ իշխանների ու զորավարների, որոնք ազնիվ ծիրանի էին հագնում, սպառազեն և երիվարներով հեծյալների, ամեն ինչով ընտրյալ երիտասարդների հետևից։

13Տեսա, որ պղծվեցին. երկուսի ճանապարհն էլ նույնն էր։

14Սա իր պոռնկության մեջ ավելի առաջ գնաց. քաղդեացի տղամարդկանց պատկերող որմնանկարներ տեսավ՝ վրձնով նկարված,

15մեջքներին տեսակ-տեսակ գոտիներ, գլուխներին՝ ներկված խույրեր (խայտաբղետ գույներ էին ցոլանում բոլորից էլ, Բաբելոնի որդիների նմանությամբ՝ իրենց հայրենի երկրում՝ քաղդեացիների երկրում),

16և իր նայվածքով նրանց վրա աչք դրեց, նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը, սուրհանդակներ ուղարկեց։

17Նրա մոտ եկան Բաբելոնի որդիները՝ նրա անկողնում օթևանելու, և նրան իր պոռնկության մեջ պղծեցին։ Նա պղծվեց նրանց հետ, և իր հոգին նրանցից հագեցավ զզվելու աստիճան։

18Բացահայտեց իր պոռնկությունը և ի ցույց հանեց իր ամոթը։ Եվ իմ հոգին նրանից հեռացավ, ինչպես որ նրա քրոջից էր հեռացել։

19Բայց դու պոռնկությունդ սաստկացրիր, այնքան որ հիշեցնում էիր մանկությանդ օրերը, երբ Եգիպտոսում պոռնկություն էիր անում։

20Աչք գցեցիր քաղդեացիների վրա, որոնց անդամներն էշերի ու ձիերի անդամների նման էին։

21Պատժելու եմ քեզ մանկությանդ անօրենությունների համար, որոնք գործեցիր եգիպտացիների երկրում՝ քո օթևանում, որտեղ էլ ստինքներդ թուլացան-կախվեցին, և կուսությունդ խախտվեց»։

22«Ուստի, ո՛վ Ոողիբա, Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա քո դեմ եմ հանելու հոմանիներիդ, որոնցից հոգիդ հագեցավ զզվելու աստիճան։ Նրանց բերելու եմ՝ քեզ նրանցով շրջապատելու.

23Բաբելոնի որդիներին ու բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սվեին ու Կվեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին՝ ընտրյալ երիտասարդների, իշխանների, զորավարների, սպառազեն, երիվարներով հեծյալների։

24Բոլորն էլ քեզ վրա հյուսիսից են գալու. կառքեր ու անիվներ՝ ազգերի մի բազմությամբ, սաղավարտավորներ ու վահանավորներ։ Շուրջդ պահակություն են հաստատելու։ Քեզ նրանց առաջ դատելու եմ, նրանք էլ քեզնից վրեժ են լուծելու իրենց դատաստանով։

25Քո դեմ եմ ուղղելու նաև քո հանդեպ ունեցած իմ վրեժխնդրությունը. նրանք քեզ հետ վարվելու են իմ զայրույթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ, և ինչ որ մնա քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին կրակով ոչնչացնելու են։

26Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը։

27Այսպիսով քեզնից հեռացնելու եմ ամբարշտությունդ ու պոռնկությունդ, որ եգիպտացիների երկրից էին։ Եվ աչքդ նրա ուղղությամբ այլևս չես բարձրացնի, այլևս Եգիպտոսը չես հիշի”։

28Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա քեզ մատնելու եմ քեզ ատելի մարդկանց ձեռքը, որոնցից հոգիդ հագեցավ զզվելու աստիճան։

29Քեզ հետ վարվելու են ատելությամբ, վերցնելու են քո ամբողջ վաստակն ու աշխատանքի արդյունքը։ Լինելու ես մերկ ու խայտառակված։ Ի ցույց է դրվելու պոռնկությանդ ամոթը, քո ամբարշտությունն ու պոռնկությունը։

30Դա անելու եմ քո դեմ, որովհետև պոռնկանում էիր ազգերի հետ և պղծվում նրանց խորհուրդներով։

31Քրոջդ ճանապարհով ընթացար, նրա բաժակն էլ ձեռքդ եմ տալու”։

32Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ըմպելու ես քրոջդ բաժակը՝ խորն ու լայն, և դառնալու ծաղր ու ծանակ. կատարելապես

33հարբելու ես։ Բոլորովին թուլանալու ես։ Ըմպելու ես քո կործանման բաժակը, Սամարիա քրոջդ բաժակը

34քամելու ես ցմրուր։ Մազերդ ես փետելու և կրծքերդ պատառոտելու։ Տոներն ու ամսագլուխներն էլ վերացնելու եմ քեզնից. այդ ե՛ս խոսեցի”,- ասում է Ամենակալ Տերը։

35Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ ինձ մոռացար ու անտեսեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտությանդ ու պոռնկությանդ հետևանքը”»։

36Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե չես դատելու Ոողային ու Ոողիբային, նրանց պատմելու իրենց անօրենությունները.

37քանի որ նրանք շնացան, և արյուն կա նրանց ձեռքերին։ Նրանք իրենց խորհուրդների մեջ էլ էին շնանում։ Իրենց որդիներին, որ ինձ համար էին ծնել, բոցի միջով էին անցկացնում։

38Այն աստիճան գործեցին իմ դեմ, որ նույն օրն իսկ սրբություններս էին պղծում, շաբաթներս ապականում։

39Երբ իրենց որդիներին կուռքերին էին զոհաբերում, նույն օրն էլ իմ սրբավայրերն էին մտնում և պղծում դրանք։ Այսպես էին վարվում իմ տան մեջ։

40Հեռվից եկած մարդիկ էլ, որոնց մոտ սուրհանդակներ էիր ուղարկել, հենց որ գալիս էին, բաղնիք էիր մտնում, ծարիրով ու սնգույրով շպարվում, զարդեղենով զարդարվում

41ու նստում էիր զարդարված բազմոցի վրա։ Նրանց առջև սեղան էիր գցում, իմ խունկն ու յուղն էիր վերցնում և նրանց հետ զվարճանում։

42Նրանք ներդաշնակ ձայնով նվագում էին։ Այդ մարդկանց կողքին անապատից եկած ուրիշ բազմաթիվ գինեմոլ մարդիկ էլ կային։ Ապարանջաններ էիր դնում նրանց ձեռքերին, պարծանքի պսակներ՝ նրանց գլխին։

43Ես ասում էի. “Պոռնկական գործերով թող նրանց հետ չշնանա”, բայց նա պոռնկանում էր։

44Նրա մոտ էին մտնում, ինչպես պոռնիկ մի կնոջ։ Նույն ձևով մտնում էին նաև Ոողայի ու Ոողիբայի մոտ՝ անօրենություն գործելու։

45Եվ նրանք, որ արդար մարդիկ էին, սրանցից վրեժ են լուծելու, վրեժ, որ պահանջում են շնացածներից, նաև արյան վրեժ, որովհետև սրանք շնացողներ էին, և արյունն իրենց ձեռքերի վրա էր։

46Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Զո՛րք արձակիր, նրանց մեջ խռովությո՛ւն ու հափշտակությո՛ւն գցիր,

47զորքերի քարերով քարկոծի՛ր նրանց, խոցոտի՛ր նրանց իրենց սրերով։ Նրանց տղաներն ու աղջիկները թող կոտորվեն։ Իսկ նրանց տները թող հրդեհեն։

48Ամբարշտությունը վերացնելու եմ երկրից. բոլոր կանայք խրատվելու են և այլևս չեն հետևելու սրանց ամբարշտությանը։

49Ձեր ամբարշտությունը ձեզ վրա է գալու, և պատիժ եք կրելու ըստ ձեր խորհուրդների։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.