1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Եվ դու, մարդո՛ւ որդի, եթե դատելու ես, դատի՛ր արյունահեղության քաղաքը և խայտառակի՛ր նրա բոլոր անօրենությունները։
3Կասես. “Տերը՝ Ամենակալն Աստված, այսպես է ասում. ո՛վ քաղաք, որ իր մեջ արյուն է թափում, որպեսզի իր ժամանակը հասնի. իր ներսում խորհուրդներ է անում, որպեսզի նրանց արյունով իրեն պղծի։
4Իզուր արյուն թափեցիր ու թաթախվեցիր, քո արած խորհուրդներով պղծվեցիր, քո օրերը մոտեցրիր և քո կյանքի վախճանին մոտեցար։ Դրա համար քեզ ազգերին նախատինք դարձրի, բոլոր երկրների համար՝ ծաղրի առարկա,
5որպեսզի որոնք մոտ էին քեզ կամ քեզնից հեռու, քեզ ծաղրեն ու ասեն. “Դո՛ւ, անվանի՛ քաղաք, պղծության մատնվեցիր, որովհետև անօրենություններով լիացար”։
6Ահա Իսրայելի տան առաջնորդները. քո մեջ յուրաքանչյուրն իր ազգակցի հետ խառնակություն էր կազմակերպում, որպեսզի արյուն թափեր.
7քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,
8քո մեջ իմ սրբություններն էին արհամարհում ու իմ շաբաթները պղծում։
9Քո մեջ ավազակներ էին բնակվում, որպեսզի քո մեջ արյուն թափեին։ Քո մեջ լեռների վրա էլ զոհեր էին մատուցում և քո մեջ անմաքուր գործեր էին անում։
10Քո մեջ իրենց հոր ամոթն էին մեջտեղ հանում և քո մեջ պղծությամբ դաշտանավոր կնոջ էին բռնաբարում։
11Քո մեջ յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն ամբարշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը՝ իր հոր դստերն էր բռնաբարում։
12Քո մեջ կաշառք էին վերցնում, որպեսզի արյուն թափեին, քո մեջ վաշխ ու տոկոս էին առնում։ Եվ քո չարագործություններին՝ ըստ քո գործած բռնության, վերջ եմ տալու, որովհետև մոռացել ես ինձ,- ասում է Տերը՝ Աստված։-
13Ահա ծափ եմ զարկելու քո կատարած գործերի և քո մեջ կատարված արյունահեղության համար։
14Պիտի դիմանա՞ քո սիրտը, պիտի զորանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ այդպես վարվեմ քեզ հետ։ Ես՝ Տերս եմ ասում և անելու եմ։
15Քեզ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, ցիրուցան եմ անելու երկրներով մեկ, և քո միջից քո պղծությունը վերանալու է։
16Դա եմ քեզ ժառանգություն թողնելու ազգերին ի տես, և կիմանաք, որ ես եմ Տերը”»։
17Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
18«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ինձ համար դարձավ խառնակված մի բան, ինչպես հալոցում խառնվում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը։
19Ուստի ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ դուք բոլորդ էլ խառնուրդ դարձաք, ուրեմն ձեզ ընդունելու եմ Երուսաղեմում,
20ինչպես որ մեկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարն է հավաքում՝ նրա վրա կրակ փչելու և ձուլելու համար։ Նույն ձևով էլ ձեզ եմ ընդունելու իմ բարկությամբ. հավաքելու և ձուլելու եմ ձեզ.
21ձեզ իմ բարկության հրով եմ հալեցնելու, ու դուք ձուլվելու եք նրա մեջ.
22ինչպես որ արծաթն է ձուլվում քուրայում, այնպես էլ դուք եք ձուլվելու դրա մեջ։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ իմ զայրույթը ձեզ վրա թափել”»։
23Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
24«Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. “Դու այն երկիրն ես, որ չես թրջվում. քեզ վրա անձրև չի կաթել բարկության օրը։
25Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ հափշտակություն անելիս առյուծների պես մռնչում էին. բռնությամբ տնանկների մարմիններն էին հոշոտում և անիրավությամբ պատիվներ ստանում։ Եվ քո մեջ այրիները բազմացան։
26Նրա քահանաներն իմ օրենքներն էին անարգում և իմ սրբությունները պղծում. մաքուրի ու պիղծի միջև ընտրություն չէին անում, արատավորն անարատից չէին զատում. իմ շաբաթների վրա աչք էին փակում և իմ շաբաթները պղծում էին իրենց մեջ։
27Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։
28Նրա մարգարեները, ովքեր նրանց կոծկում էին, ընկնելու են, նրանք, որ սին տեսիլքներ էին տեսնում, նրանց համար սուտ գուշակություններ էին անում և ասում էին. “Ամենակալ Տերն այսպես է ասում”, մինչդեռ Տերը նման բան չէր ասել։
29Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրավությամբ, հափշտակություններ էին անում. աղքատին ու տնանկին բռնադատում էին, պանդուխտի հետ արդարությամբ չէին վարվում։
30Նրանց միջից մի մարդ փնտրեցի, որ ուղիղ ընթանար, բարկության ժամանակ իմ առջև հոժարակամ կանգներ, որպեսզի չջնջեի նրանց, բայց չգտա։
31Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։