Ezekiel 21NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։

3Եվ Նագեբի անտառին կասե՛ս. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քեզ վրա կրակ եմ թափելու, որ ճարակելու է քեզանում ամեն դալար ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չի հանգչելու, և նրա մեջ այրվելու է ամեն ինչ՝ արևելքից մինչև հյուսիս։

4Եվ ամեն արարած կիմանա, որ ես՝ Տերս եմ վառել այն, ու դա չի հանգչելու”»։

5Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։

6Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

7«Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ

8և Իսրայելի երկրին կասես. “Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ. մերկացնելու եմ իմ սուրն իր պատյանից և քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին։

9Քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին, ուստի իմ սուրն իր պատյանից դուրս է գալու բոլոր արարածների վրա՝ արևելքից մինչև հյուսիս։

10Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։

11Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մեջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցավագի՛ն հեծեծիր նրանց առաջ։

12Եվ եթե քեզ հարցնեն՝ “Ինչո՞ւ ես հեծեծում”, կասես. “Որովհետև մի բոթ լսեցի, և այն վրա է հասնելու. ամեն սիրտ կոտրվելու է, ամեն ձեռք՝ թուլանալու, ամեն մարմին՝ չորանալու, ամեն շունչ՝ կտրվելու, ամեն ազդր՝ խոնավությամբ աղտոտվելու։ Ահա վրա է հասնում և լինելու է”»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։

13Տիրոջ խոսքը դարձյալ ինձ ուղղվեց ու ասաց.

14«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,

15որպեսզի մեծ կոտորած անես։ Սրվի՛ր ու շողշողա՛, պատրաստվի՛ր հարվածելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդյա՛կ իմ, կտրի՛ր ամեն ծառ”։

16Եվ սուրը տվեց պատրաստի վիճակում՝ ձեռքում բռնելու։ Այն սրված է, պատրաստ՝ ջարդարարի ձեռքը տալու համար։

17Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետև սուրը եկել-հասել է իմ ժողովրդի և Իսրայելի իշխանների վրա։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը հասել է իմ ժողովրդի վրա։ Ուստի ձեռքերով ծա՛փ զարկիր,

18որովհետև ասածս արդարացավ։ Եվ ի՞նչ է, ազգը փրկվելո՞ւ է։ “Դա չի՛ լինելու”,- ասում է Տերը՝ Աստված։

19Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր, ձեռքերով ծա՛փ զարկիր։ Դու էլ երկրո՛րդ սուրը վերցրու, որովհետև երրորդ սուրը խոցվածների համար է լինելու. սուրը խոցվածների վրա է ծանրացել և նրանց զարհուրեցնելու է,

20որպեսզի նրանց սրտերը թուլանան, նրանց բոլոր դռներին տկարները բազմանան, որովհետև մատնված են սրի քաշվելու։ Սուրը փայլով գեղեցկացել է, պիտանի դարձել՝ սպանելու համար։

21Սո՛ւր, շրջվի՛ր, այս ու այն կո՛ղմ գնա, աջից ու ձախի՛ց սրվիր. ուր որ քո շեղբը սաստկանա,

22ես այնտեղ ծափ եմ զարկելու, ուրախ թռչկոտելու, իմ ձայնը բարձրացնելու. ես՝ Տերս, խոսեցի»։

23Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

24«Մարդո՛ւ որդի, քեզ համար երկու ճանապա՛րհ պատրաստիր, ուր բաբելացիների արքայի սուրն է մտնելու, այնպես որ երկուսն էլ նույն երկրից սկիզբ առնեն։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցույց նշա՛ն պատրաստիր։

25Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։

26Բաբելացիների արքան գալու և կանգնելու է հին ճանապարհի վրա, երկու ճանապարհների գլխին՝ հմայություն անելու, գավազան նետելու, կուռքերին հարցում անելու, լյարդի վրա հմայություն անելու։ Նրա աջ ձեռքից

27գուշակություն է դուրս եկել Երուսաղեմի դեմ՝ պատնեշ կանգնեցնելու, լիաբերան գոչելու, աղաղակ բարձրացնելու, դարպասները խոյահարելու, հող թափելու և պարսպակործաններ շինելու»։

28«Եվ նա երուսաղեմացիներին այնպես է երևալու, կարծես մեկն իրենց առաջ հմայություններ է անում. շաբաթվա ընթացքում նրանց համար յոթ անգամ կրկնելու է։ Սակայն նա՝ բաբելացիների թագավորը, նրանց հիշեցնելու է, որ իրենց անիրավությունները մտաբերեն»։

29Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։

30Դու էլ, Իսրայելի պիղծ ու անօրե՛ն իշխան, որի օրը հասել է՝ անիրավության ժամանակի վերջը,-

31Տերը՝ Աստված, քեզ այսպես է ասում. “Քո վրայից վերցրո՛ւ խույրդ, հանի՛ր պսակդ, որովհետև դա այդպես չի վերջանալու։ Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել։

32Արդ, ես անիրավությունը մյուս անիրավությունների վրա եմ բարդելու։ Դա այդպես չի մնալու, մինչև որ գա նա, ում վայել է, և ես տալու եմ նրա ձեռքը”»։

33«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում ամովնացիներին նրանց նախատինքների վերաբերյալ”։ Կասես. “Սո՛ւր, սո՛ւր, որ հանվել է սպանելու համար, մերկացվել՝ վերջ տալու համար. զարթնի՛ր, որպեսզի փայլես

34ունայն տեսքով և սուտ գուշակություններ անելու ժամանակ խոցվածների՝ անօրենների պարանոցները քեզ մատնես. սրանց օրը եկել հասել է՝ անիրավության ժամանակի վերջը։

35Հե՛տ դարձիր, մի՛ իջևանիր այնտեղ, որտեղ ծնվել ես. նույն քո երկրում եմ քեզ դատելու,

36իմ բարկությունն եմ քեզ վրա թափելու, իմ զայրույթի հուրն եմ քեզ վրա փչելու, քեզ բարբարոս մարդկանց ձեռքն եմ մատնելու, որոնք պղծություն են գործում։

37Եվ հրո ճարակ ես դառնալու, արյունդ թափվելու է քո երկրում, հիշատակդ էլ չի պահվելու։ Ես՝ Տերս, խոսեցի”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 21.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.