1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն ասացվածքը, որ ասվում է ձեր՝ Իսրայելի որդիներիդ մեջ, թե՝ “Հայրերը թթու խաղող կերան, որդիների ատամներն առան”։
3Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- Իսրայելում այդ ասացվածքը այլևս չի ասվելու,
4որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։
5Բայց այն մարդը, որ արդար է, օրենքներն ու արդարությունն է գործադրում,
6լեռների վրա զոհաբերվածից չի ուտում, Իսրայելի տան կուռքերին աչք չի գցում, իր մերձավորի կնոջը չի պղծում, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մերձենում,
7մարդու հանդեպ բռնություն չի կատարում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի անում, իր հացը քաղցածներին է տալիս, մերկին էլ հագցնում է,
8իր դրամը փոխ չի տալիս, տոկոսով էլ հետ չի պահանջում, անիրավությունից իր ձեռքը հետ է պահում, մարդու և նրա մերձավորի միջև արդար դատ է անում,
9իմ հրամանների համաձայն է ընթանում, իմ օրենքներն է պահում ու գործադրում, այդպիսին արդար է և հաստատապես պիտի ապրի,- ասում է Ամենակալ Տերը։-
10Իսկ եթե մեկը որդի ծնի՝ այլասերված, մարդասպան, որ մեղքեր գործի,
11իր արդար հոր ճանապարհով չընթանա, լեռների վրա զոհաբերվածից ուտի, իր մերձավորի կնոջը պղծի,
12աղքատին ու տնանկին բռնադատի, հափշտակություն անի, ավանդը չվերադարձնի, կուռքերի պաշտամունքին աչք գցի, անօրենություն գործի,
13իր դրամը փոխ տա, վաշխով ու տոկոսով էլ հետ պահանջի, նա չպիտի ապրի. ով այս բոլոր անօրենությունները գործի, հաստատապես պիտի մեռնի, իր արյունն էլ իր վրա պիտի լինի։
14Եվ եթե որդի ծնի, սա էլ տեսնի իր հոր գործած բոլոր մեղքերը, վախենա և նույն բաները չանի,
15լեռների վրա զոհաբերվածից չուտի, Իսրայելի տան կուռքերին աչք չգցի, իր մերձավորի կնոջը չպղծի,
16որևէ մարդու չբռնադատի, ավանդը չյուրացնի, հափշտակություն չանի, իր հացը տա քաղցածներին, մերկին հագցնի,
17անիրավությունից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, արդարություն գործի, իմ հրամաններով ընթանա, նա իր հոր անիրավությունների համար չպիտի մեռնի, այլ հաստատապես պիտի ապրի։
18Բայց նրա հայրը, եթե սաստկապես նեղի և անողոքաբար կողոպտի իր եղբորը, իմ ժողովրդի մեջ հակառակ գործած կլինի, պիտի մեռնի իր անիրավության համար։
19Եվ կասեք, թե՝ “Ինչպե՞ս է, որ հոր անիրավության համար որդին պատասխան չի տալիս”։ Քանի որ որդին ողորմություն ու արդարություն գործած, իմ բոլոր օրենքներն էլ պահած ու գործադրած կլինի. նա հաստատապես պիտի ապրի։
20Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։
21«Անօրենը եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա և իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն ու ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։
22Նրա բոլոր մեղքերը, որ գործած կլինի, և բոլոր անիրավությունները, որ կատարած կլինի, չեն հիշվելու, այլ իր արդարության համար, որ արած կլինի, ապրելու է։
23Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի։
24Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։
25Կասեք՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Արդ, լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։
26Երբ արդարն իր արդարությունից շեղվի և անիրավություն գործի, մեռնելու է իր անօրենության մեջ, որ գործել է։
27Իսկ երբ անօրենը հետ կանգնի իր գործած անօրենությունից, իրավունք ու արդարություն անի, ինքն իր հոգին փրկելու է,
28որովհետև տեսել է ու իր կատարած բոլոր ամբարշտություններից հետ դարձել։ Հաստատապես ապրելու է ու չի մեռնելու։
29Բայց Իսրայելի տունը կասի՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ, ո՛վ Իսրայելի տուն։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։
30Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։
31Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,-
32քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում,- ասում է Ամենակալ Տերը,- այլ այն, որ իր չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի։ Արդ, դարձի՛ եկեք և ապրե՛ք»։