1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, մի պատմությո՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայելի տան համար
3և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. մի մեծ արծիվ՝ մեծաթև, երկայնատարած, խոշոր մագիլներով, մտադրվեց Լիբանան մտնել, մայրիների ամենաընտիրից վերցրեց,
4մի մատաղատունկ պոկեց, քանանացիների երկիրը տարավ և այն պարսպապատ քաղաքում տնկեց։
5Վերցրեց նաև երկրի սերմից, դաշտի երեսին տնկի դրեց և այն առատ ջրերի մոտ՝ երևացող մի տեղում հաստատեց։
6Բուսնեց և ցածր ու փոքր որթատունկ դարձավ, որի ոստերը ձգվեցին դեպի վեր, իսկ արմատները տարածվեցին իր տակ։ Նա փարթամ որթատունկ դարձավ, ողկույզներ տվեց, շիվերն արձակեց։
7Ապա երևաց մի ուրիշ մեծ արծիվ՝ մեծաթև ու բազմամագիլ։ Եվ ահա այս որթատունկը սրան փաթաթվեց, արմատները սրա կողմը ձգվեցին, ճյուղերն էլ՝ սրա տակ, որպեսզի ջրի նրան այն մարգերից, որտեղ տնկվել էր։
8Գեղեցիկ դաշտում՝ առատ ջրի մոտ, պիտի փարթամանար՝ ոստեր արձակելու, պտղաբերելու և մեծ որթատունկ դառնալու համար”։
9Այս մասին ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Արդյոք որթատունկը փարթամանալո՞ւ է։ Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են, նրա բոլոր ոստերը չորանալու են։ Ո՛չ մեծ բազուկ է պետք, ո՛չ էլ շատ մարդ՝ ձեռք գցելու և այն արմատախիլ անելու համար։
10Արդ, որթատունկը փարթամանալո՞ւ է։ Չի՛ փարթամանալու. չէ՞ որ խորշակը երբ մոտենա, չորանալու է ամբողջ բույսը՝ իր ոստերով”»։
11Տիրոջ խոսքն ինձ հետ ուղղվեց ու ասաց.
12«Մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը՝ դառնացնող ժողովրդին. չգիտե՞ք, թե այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագավորը Երուսաղեմ գա, նրա թագավորին ու իշխաններին պիտի վերցնի և նրանց իր մոտ՝ Բաբելոն տանի։
13Թագավորական սերնդից մեկին պիտի վերցնի, նրա հետ ուխտ պիտի դնի և նրան հավատարմության երդում անել պիտի տա։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպեսզի թագավորությունը տկարանա,
14ամենևին ոտքի չկանգնի, իր ուխտը պահի ու դրա մեջ հավատարիմ մնա։
15Սակայն նրա դեմ պիտի ապստամբի՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպեսզի իրեն ձիեր ու բազում զորք տան։ Բայց արդյոք հաջողությո՞ւն է ունենալու։ Արդյոք փրկվելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում և դրժում ուխտը։ Արդյոք փրկվելո՞ւ է։
16Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- որ ճիշտ այն տեղում, որտեղ թագավորը նրան թագավոր դարձրեց, որտեղ ինձ տված հավատարմության երդումն անարգեց և նրա հետ կնքած իմ ուխտը դրժեց, հենց Բաբելոնում մեռնելու է։
17Փարավոնն էլ ոչ թե իր մեծ զորությամբ, ոչ թե բազում գնդերով է նրա դեմ պատերազմելու, այլ պատնեշներ ու պարսպակործաններ է սարքելու, որպեսզի շատերին ոչնչացնի։
18Քանի որ երդումն անարգել է, ուխտն էլ դրժել, և ահա Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնել և նրա դեմ այս ամենն արել, մի՞թե փրկվելու է։
19Դրա համար ասա՛. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ըստ իմ ուխտի, որ դրժել է, ըստ իմ երդման, որ անարգել է, նրան հատուցել եմ տալու։
20Նրա վրա իմ ուռկանն եմ նետելու. նա ընկնելու է իմ պաշարման մեջ։ Նրան Բաբելոն եմ բերելու և այնտեղ էլ նրա հետ դատաստան եմ տեսնելու այն անիրավությունների համար, որ գործել է իմ նկատմամբ։
21Նաև բոլոր նրանք, ովքեր նրա բոլոր պատերազմներում խույս են տվել, սրով են ընկնելու. իսկ բոլոր նրանց, ովքեր մնալու են, չորս ուղղություններով ցրիվ եմ տալու։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ ասել”»։
22«Այս մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Բարձրավանդակի ընտիր-ընտիր մայրիների ճյուղերից մեկի գագաթից ոստ եմ կտրելու և բարձր լեռան վրա եմ տնկելու. այն կախ եմ տալու
23Իսրայելի բարձրաբերձ լեռից։ Տնկելու եմ, և ոստեր է արձակելու, պտղաբերելու է և մեծ մայրի է դառնալու։ Նրա տակ հանգստանալու են բոլոր կենդանիները, և նրա հովանու տակ օթևանելու են բոլոր թռչունները։ Նրա ճյուղերը հաստատ են մնալու նրա վրա։
24Եվ դաշտի բոլոր ծառերը կիմանան, որ ես՝ Տերս եմ խոնարհեցնում բարձրացած ծառը և բարձրացնում խոնարհված ծառը, չորացնում եմ դալար ծառը և դալարեցնում չորացած ծառը։ Ես՝ Տերս եմ ասել սա և անելու եմ”»։