1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին վկայի՛ր իր անօրենությունների մասին
3և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում Երուսաղեմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։
4Քո ծննդի ժամանակ՝ այն օրը, երբ ծնվեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց, ստինքներդ չկապեցին, ջրով չլվացվեցիր՝ սրբագործվելու համար, աղով չաղվեցիր, ոչ էլ խանձարուրի մեջ փաթաթվեցիր։
5Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ համար ոչինչ չարեցի՝ զգուշացնելու այն ամենից, որ կարող էր քեզ պատահել։ Այն օրը, երբ դու ծնվեցիր, դաշտի մեջ շպրտվեցիր քո խոտոր մտքերի համար։
6Մոտովդ անցա ու քեզ արյան մեջ թաթախված տեսա։ Ասացի քեզ. “Կենդանացի՛ր արյանդ միջից. կյանքդ արյունից է։
7Բազմացի՛ր, քանի որ քեզ դաշտի բույսի պես դարձրի”։ Բազմացար և մեծացար, եկար մտար վիթխարի քաղաքները։ Ստինքներդ կազմավորվեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր։
8Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։
9Քեզ ջրով լվացի, քեզ քո արյունից մաքրեցի և քեզ յուղով օծեցի։
10Քեզ պես-պես հագցրի. երկնագույն զգեստ հագցրի քեզ, մեջքիդ բեհեզ գոտի կապեցի, քեզ վրա ընտիր մետաքս գցեցի։
11Զարդեղենով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանյակ։
12Քթիդ գինդեր ու ականջներիդ օղեր դրեցի, գլխիդ՝ պերճաշուք պսակ։
13Եվ դու զարդարվեցիր ոսկե ու արծաթե զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, կերպաս և դիպակ։ Նաշիհ կերար, յուղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, արքայական փափկության մեջ գուրգուրանք ստացար։
14Քո գեղեցկության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ, որովհետև քո վայելչությունը, որ քեզ վրա էի կազմավորել, կատարյալ էր”,- ասում է Ամենակալ Տերը։
15“Եվ դու քո գեղեցկության պանծանքով վստահ եղար, հոմանիներիդ հետ պոռնկացար և պոռնկությունդ տարածեցիր բոլոր այն անցորդների վրա, որոնց այդպիսի բան չէր պատահել։
16Քո հագուստներից վերցրիր և դրանցից քեզ համար մտացածին կուռքեր պատրաստեցիր ու դրանց հետ պոռնկացար։ Սակայն այնտեղ չմտնես, որովհետև դրանք չկային ու չեն լինելու։
17Քո պերճաշուք զարդեղենը՝ իմ ոսկուց ու արծաթից, որ քեզ էի տվել, վերցրիր, քեզ համար տղամարդու պատկերներ պատրաստեցիր և դրանց հետ պոռնկացար։
18Քո գեղեցիկ հագուստը վերցրիր և նրանց վրա գցեցիր, իմ յուղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր։
19Հացն էլ, որ տվել էի քեզ, նաշիհը, յուղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, որպես անուշահոտություն՝ նրանց առաջ դրեցիր։ Եվ դրանից հետո,- ասում է Ամենակալ Տերը,-
20վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու նրանց զոհ մատուցեցիր։ Իբր թե քիչ համարեցիր այդ պոռնկությունը,
21իմ որդիներին էլ մորթեցիր և նրանց քավության զոհ դարձրիր։
22Իսկ դա ավելի սաստիկ բան եղավ, քան քո բոլոր պոռնկություններն ու պղծությունները։ Ու չհիշեցիր քո մանկության օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արյանդ մեջ թաթախված, որի միջից էիր կենդանություն ստացել։
23Եվ այդ բոլոր չարիքներից հետո վա՜յ եղավ քեզ, վա՜յ քեզ,- ասում է Ամենակալ Տերը։-
24Քեզ համար պոռնկության տուն շինեցիր, բոլոր հրապարակներում քեզ համար բագիններ կանգնեցրիր,
25բոլոր ճանապարհների գլուխներին քո պոռնկանոցները շինեցիր, դեմքիդ գեղեցկությունը փչացրիր, ճանապարհի ամեն անցորդի առաջ սրունքներդ բացեցիր և պոռնկությունդ բազմապատկեցիր։
26Պոռնկացար նաև քեզ սահմանակից Եգիպտոսի որդիների հետ, պոռնկացար բազմիցս, որպեսզի ինձ բարկացնես։
27Արդ, ես իմ ձեռքը երկարելու եմ քո դեմ և քո իրավունքն եմ վերացնելու, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ Ամբարշտություն արեցիր
28ու պոռնկացար նաև Ասորեստանի որդիների հետ, բայց և այնպես չհագեցար։ Բազմապատկեցիր պոռնկությունդ, բայց և այնպես չհագեցար։
29Բազմապատկեցիր դաշինքներդ Քանանի երկրի ու քաղդեացիների հետ, բայց և այնպես չհագեցար։
30Ինչպե՞ս վարվեմ քո դուստրերի հետ,- ասում է Ամենակալ Տերը,- այն ամենից հետո, որ գործեցիր պոռնիկ կնոջ պես, քանի որ բազմիցս պոռնկացար
31անգամ դուստրերիդ հետ։ Պոռնկանոցներ շինեցիր բոլոր ճանապարհների գլուխներին և կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում։ Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հավաքում,
32որովհետև ամեն պոռնիկ կին քեզ նման չի շնանում իր ամուսնու հետ, ամուսնուց դրամ է առնում ու վարձ տալիս իր հոմանիներին։
33Բոլոր պոռնիկներն իրենց համար են վարձ առնում, մինչդեռ դու էիր հոմանիներիդ վարձ տալիս և նրանց նվերներով հրապուրում, որ բոլոր կողմերից քեզ մոտ գային՝ քեզ հետ շնանալու։
34Եվ քո պոռնկության մեջ քեզ հետ, ի տարբերություն բոլոր կանանց, հակառակը տեղի ունեցավ, և քեզ պես չպոռնկացան, քանի որ նրանք տղամարդկանցից վարձ էին առնում, մինչդեռ հոմանիներիդ դու էիր վարձ տալիս։ Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցավ”։
35“Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր Տիրոջ պատգամները։
36Այսպես է ասում Ամենակալ Տերը. այն բանի համար, որ դրամդ վատնեցիր ու հոմանիներիդ առաջ պոռնկական ամոթալի արարքդ ու բոլոր պիղծ խորհուրդներդ բացահայտեցիր, ինչպես նաև որդիներիդ արյան համար, որոնց հոմանիներիդ էիր տալիս,
37ահա սրանց համար քո դեմ եմ հավաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակվում էիր, քո բոլոր սիրելիներին ու ատելիներին քո դեմ եմ հանելու, նրանց հավաքելու և քեզ շրջապատել եմ տալու, քո բոլոր չարագործությունները բացահայտելու եմ նրանց առաջ, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակությունները։
38Քեզնից վրեժխնդիր եմ լինելու շնանալու և արյուն թափելու համար, քեզնից քո արյունն եմ պահանջելու՝ զայրույթի ու նախանձի արյունը։
39Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, և նրանք քո պոռնկանոցներն են կործանելու, քո կոթողներն են քանդելու, քեզ քո զգեստներից են մերկացնելու, քո պերճաշուք պսակն են վերցնելու և քեզ մերկ ու խայտառակված թողնելու։
40Նաև ամբոխին են քո դեմ հանելու, քարերով քեզ քարկոծելու և իրենց սրերով քեզ կտոր-կտոր անելու։
41Տներդ են կրակով այրելու, բազում կանանց առաջ քեզնից վրեժխնդիր են լինելու։ Քեզ քո պոռնկությունից հետ եմ դարձնելու, և դու այլևս նրանց վարձ չես տալու։
42Զայրույթս քեզ վրա եմ թափելու և խնամքս քո վրայից վերցնելու եմ. հանգստանալու եմ և այլևս հոգ չեմ անելու։
43Այն բանի համար, որ մանկությանդ օրերը չհիշեցիր և այդ ամենով ինձ տրտմեցնում էիր, ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար այս ամենը գլխիդ բերեցի,- ասում է Ամենակալ Տերը։- Այսպես քո բոլոր անօրենությունների վրա ամբարշտություն էլ գործեցիր”։
44Այս ամենի պատճառով քո մասին առակներով փսփսում են ու ասում. “Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”։
45Արդ, դու ճիշտ քո մոր դուստրն ես, որ ամուսնուն ու որդիներին վռնդեց, և քույրն ես քո այն քույրերի, ովքեր ամուսիններին ու որդիներին վռնդեցին։ Ձեր մայրը քետացի էր, ձեր հայրն էլ՝ ամորհացի։
46Ձեր ավագ քույրը Սամարիան է, որ իր դուստրերի հետ բնակվում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քույրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակվում է քո աջ կողմում։
47Սակայն դու ըստ նրանց ճանապարհների չընթացար, ոչ էլ ըստ նրանց անօրենություններ գործեցիր, այլ դու քո ընթացքի մեջ նրանց փոքր-ինչ գերազանցեցիր։
48Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- Սոդոմը՝ քո քույրը, ու նրա դուստրերն ավելին արեցին, քան դու և քո դուստրերը։
49Սոդոմի՝ քո քրոջ անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացի լիության և գինու զեխության մեջ մեղկ կյանք էին վարում ինքն ու իր դուստրերը։ Սրանով գերազանցում էին ինքն էլ, դուստրերն էլ։ Աղքատին ու տնանկին ձեռք չէին մեկնում,
50մեծամտանում և իմ առաջ անօրենություններ անում։ Երբ դա տեսա, նրանց մեջտեղից վերացրի։
51Սամարիան նույնպես քո մեղքերի կեսը չգործեց։ Իսկ դու բազմապատկեցիր քո անօրենություններն ավելի, քան նրանք, և քո գործած բոլոր անօրենություններով քո քույրերին արդարացրիր։
52Արդ, տանջանքներդ ստացի՛ր, որ քույրերիդ ապականեցիր այն անօրենություններով, որոնք գործեցիր նրանցից առավել, որ նրանց քեզնից շատ ավելի արդար երևալ տվեցիր։ Արդ, ամաչի՛ր և անարգա՛նք կրիր, որ քո քույրերին քեզնից ավելի արդար երևալ տվեցիր։
53Նրանց իրենց նախկին վիճակին կվերահաստատեմ՝ Սոդոմին ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին, Սամարիային ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին. քեզ էլ քո նախկին վիճակին կվերահաստատեմ նրանց մեջ,
54որպեսզի տանջանքներդ ստանաս և անարգվես այն ամենի համար, ինչ կատարել ես՝ ինձ բարկացնելու համար։
55Քո քույրը՝ Սոդոմը, ու նրա դուստրերը, վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. Սամարիան ու նրա դուստրերն էլ վերստին հաստատվելու են այն վիճակի մեջ, որպիսին էին ի սկզբանե. դու և քո դուստրերն էլ հաստատվելու եք նույն վիճակի մեջ, որպիսին էիք ի սկզբանե։
56Եվ քանի որ քո քույր Սոդոմը հպարտությանդ օրերին չէր հիշվում քո բերանում,
57քանի դեռ չարագործություններդ չէին բացահայտվել, ինչպես այժմ, որ Ասորիքի ու նրա շուրջը գտնվող բոլոր այլազգիների դուստրերի կողմից նախատվում ես բոլոր կողմերից,
58ուրեմն քաղի՛ր քո ամբարշտությունների և անօրենությունների պտուղները»,- ասում է Տերը։
59«Ամենակալ Տերն այսպես է ասում. “Քեզ հետ վարվելու եմ այնպես, ինչպես դու ես վարվել, ինչպես որ ամեն բան անարգել ես ու իմ ուխտը զանց առել։
60Բայց ես ուխտս հիշելու եմ, որ քեզ հետ կապել էի մանկությանդ օրերին, և ինձ համար հավիտենական ուխտ եմ հաստատելու։
61Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։
62Ես իմ ուխտն եմ հաստատելու քեզ հետ, և կիմանաս, որ ես եմ Տերը,
63որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։