Ezekiel 14NEA

1Իսրայելի ծերերից ոմանք ինձ մոտ եկան և իմ առջև նստեցին։

2Եվ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

3«Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց կռապաշտական խորհուրդներն իրենց սրտի մեջ են դրել, իրենց անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իրենց առջև։ Չլինի՞ թե ես եմ նրանց պատասխան տալու։

4Ուստի խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Իսրայելի տնից ամեն ոք, ով իր կռապաշտական խորհուրդներն իր սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իր աչքի առաջ և գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում,

5որպեսզի Իսրայելի տունը չխոտորեցնեն ըստ իրենց սրտերի, որ իրենց ընթացքով օտարացած են ինձնից”։

6Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տերը, Ամենակալն Աստված. դարձի եկե՛ք, հեռացե՛ք ձեր ընթացքից, ձեր բոլոր ամբարշտություններից, ձեր երեսը դեպի ի՛նձ դարձրեք։

7Քանի որ եթե Իսրայելի այդ տնից կամ եկվորներից ու պանդուխտներից ամեն ոք, ով ինձնից օտարանա և կռապաշտական խորհուրդները սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն իր առջև դնի ու գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում։

8Երեսս այդ մարդու դեմ եմ դարձնելու, նրան որպես կործանման օրինակ եմ դնելու և իմ ժողովրդի միջից վերացնելու եմ, ու կիմանաք, որ ես եմ Տերը։

9Եվ եթե մի մարգարե խաբի և ինչ-որ բան խոսի, թե իբր ես՝ Տերս եմ այդ մարգարեին մոլորեցրել, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու և նրան Իսրայելի իմ ժողովրդի միջից ոչնչացնելու եմ։

10Եվ նրանք իրենց անիրավության պատիժն են ստանալու, ինչպես հարցնողը, այնպես էլ մարգարեն,

11որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։

12Եվ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

13«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։

14Իսկ եթե այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Հոբն ու Դանիելը, նրանք են միայն փրկվելու իրենց արդարության շնորհիվ»,- ասում է Ամենակալ Տերը։

15«Եվ եթե չար գազաններ ուղարկեմ այդ երկրի վրա ու նրան պատժեմ, և այն աստիճան ավերում լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել չլինի,

16այդ մարդիկ էլ այնտեղ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- եթե տղաներ ու աղջիկներ էլ ունենան, ոչ մեկն էլ չի փրկվելու, այլ միայն նրանք երեքը, իսկ երկիրը հիմնահատակ ավերվելու է։

17Եվ եթե այն երկրի վրա սուր բերեմ ու սրին ասեմ՝ անցնելու ես երկրի միջով, նրան միջից մարդ ու անասուն վերացնեմ,

18այդ երեք մարդիկ էլ այնտեղ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- նրանք իրենց տղաներին ու աղջիկներին չեն փրկելու, այլ իրենք երեքն են միայն փրկվելու։

19Եվ եթե այդ երկրի վրա ժանտախտ բերեմ, արյան միջոցով զայրույթս նրա վրա թափեմ՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,

20Նոյը, Հոբն ու Դանիելն էլ այնտեղ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- որ նրանց տղաներն ու աղջիկները չեն մնալու, այլ նրանք երեքն են միայն իրենց հոգիները փրկելու իրենց արդարության շնորհիվ»։

21Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,

22նրանում ողջ մնացած ստորները դուրս են բերելու իրենց տղաներին ու աղջիկներին։ Ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ նրանց հետ, և դուք տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և զղջալու եք այն չարիքի համար, որ բերել եմ Երուսաղեմի վրա, բոլոր այն չարիքների համար, որ բերել եմ նրա վրա։

23Ու նրանք մխիթարություն են պատճառելու ձեզ, որովհետև տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և հասկանալու եք, որ զուր տեղը չեմ արել այն ամենը, ինչ արել եմ նրանց հետ»,- ասում է Ամենակալ Տերը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.