1Տերը խոսեց ինձ հետ ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի այն մարգարեների դեմ, ովքեր մարգարեանում են այնտեղ, և ասա՛ այն մարգարեներին, ովքեր իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում. մարգարեացի՛ր ու նրանց ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։
3Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում, որ իրենց սրտի ուզածին են հետևում և ոչինչ չեն տեսնում”։
4Ո՛վ Իսրայել, քո մարգարեներն այնպես էին, ինչպես աղվեսները՝ ավերակների մեջ.
5նրանք հաստատուն չմնացին։ Հոտեր ժողովեցին Իսրայելի տան դեմ, ու չհաստատվեցին այն խոսքերը, որ նրանք խոսում էին Տիրոջ անունից,
6սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակություն անում ու ասում էին՝ “Այսպես է ասում Տերը”։ Բայց ես՝ Տերս չէի ուղարկել նրանց։ Եվ սկսեցին խոսքեր տարածել։
7Չէ՞ որ սուտ տեսիլքներ էիք տեսնում, սնոտի գուշակություններ էիք անում, երբ ասում էիք, թե այսպես է ասել Տերը։ Բայց ես՝ Տերս չէի ասել։
8Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ ձեր խոսքերը սուտ են, ձեր գուշակություններն էլ՝ սնոտի, ահա դրա համար,- ասում է Ամենակալ Տերը,-
9ես իմ ձեռքը երկարելու եմ ձեր և ձեր մարգարեների դեմ, ովքեր սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում։ Իմ ժողովրդի ուսուցմանը մասնակից չպիտի լինեն, Իսրայելի տան գրքերում չպիտի հիշվեն, ոչ էլ Իսրայելի երկիրը պիտի մտնեն։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը։
10Այն բանի համար, որ իմ ժողովրդին մոլորեցնում էին՝ ասելով՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց խաղաղություն չկար, և որ ժողովուրդը պատ էր կառուցում, իսկ նրանք այնպես էին ծեփում, որ փլվեր,-
11Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։
12Ահա խորտակված է պատը, և այն ժամանակ ձեզ չե՞ն ասելու՝ “Ո՞ւր է ձեր ծեփը, որով ծեփեցիք”։
13Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։
14Գետնին եմ հավասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, և այն կործանվելու է։ Հողին եմ հավասարեցնելու այն, ու նրա հիմքերը երևալու են։ Ընկնելու և վերջ է գտնելու անպատվությամբ։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։
15Եվ զայրույթս եմ իրագործելու թե՛ պատի, թե՛ այն ծեփողների վրա։ Եվ այն կործանվելու է։ Եվ ձեզ ասելու եմ, որ պատն այլևս չկա, ոչ էլ այն ծեփողները՝
16Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում էին Երուսաղեմի վրա և նրա համար խաղաղություն էին գուշակում, բայց խաղաղություն չկար”»,- ասում է Ամենակալ Տերը։
17«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր քո ժողովրդի դուստրերի դեմ, ովքեր իրենց սրտի ուզածի պես էին մարգարեանում։ Մարգարեացի՛ր նրանց դեմ
18ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ բարձիկներ են կարում-կարկատում ձեռքի ամեն արմունկի տակ և գլխաշորեր են պատրաստում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետև իմ ժողովրդի հոգիները մոլորվել են։
19Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։
20Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես ձեր այդ բարձիկների դեմ եմ, որոնց օգնությամբ հոգիներ էիք որսում. դրանք ձեր բազուկներից պատռել-պոկելու եմ, ազատելու եմ հոգիներին, որոնց դուք մոլորեցնում էիք՝ ցրիվ տալու համար։
21Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը, իմ ժողովրդին ազատելու եմ ձեր ձեռքից, ու նրանք այլևս ձեր ձեռքում չեն լինելու որպես որսի ավար։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։
22Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,
23ուստի այլևս սուտ տեսիլքներ չպիտի տեսնեք և հաճոյական գուշակություններ չպիտի անեք։ Իմ ժողովրդին փրկելու եմ ձեր ձեռքից, ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։