1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, դու բնակվում ես նրանց անօրենությունների մեջ, ովքեր աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
3Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։
4Նրանց աչքի առաջ ի ցույց կհանես հանդերձանքդ, որ պատրաստած կլինես գերության համար։
5Երեկոյան նրանց առաջ դուրս կելնես, ինչպես գերին է դուրս ելնում, նրանց աչքի առաջ պատը կծակես ու դրա միջով նրանց առաջ դուրս կելնես,
6գլխիկոր կգնաս, գաղտագողի դուրս կելնես, գլուխդ ձորձով կպատես, որ գետինը չտեսնես, քանի որ քեզ Իսրայելի տան համար նշան դարձրի»։
7Ամբողջությամբ արեցի այնպես, ինչպես որ Տերն ինձ պատվիրել էր. ցերեկը գերության հանդերձանք հագա, երեկոյան էլ իմ ձեռքով պատը փորեցի, և նրանց աչքի առաջ գաղտագողի, գլխիկոր էի գնում։
8Իսկ առավոտյան Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
9«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը՝ դառնացնող ժողովուրդը, քեզ չասա՞ց. “Այդ ի՞նչ ես անում”։
10Արդ, նրանց ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում Երուսաղեմի իշխաններին ու առաջնորդներին, Իսրայելի ամբողջ տանը, որ նրանց մեջ են բնակվում.
11“Ես նշան եմ անելու Երուսաղեմի մեջ”. ինչպես որ արել եմ քեզ, այնպես էլ լինելու է նրանց հետ, որովհետև պանդխտության ու գերության են գնալու։
12Իշխանն էլ նրանց մեջ գլխիկոր է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, երեսը ծածկած է գնալու, որպեսզի գետինը չտեսնի։
13Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։
14Եվ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրիվ եմ տալու բոլոր կողմերով ու նրանց հետևից սուր եմ քաշելու։
15Երբ ես նրանց ցրիվ տամ ազգերի մեջ և սփռեմ երկրներով մեկ, կիմանան, որ ես եմ Տերը։
16Սակայն նրանցից սակավաթիվ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր անօրենությունները պատմեն այն ազգերի մեջ, ուր մտնելու են։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։
17Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
18«Մարդո՛ւ որդի, հացդ պակասով ես ուտելու և ջուրդ տանջանքով ու նեղությամբ ես խմելու։
19Եվ այդ երկրի ժողովրդին կասես. “Ամենակալ Տերն այսպես է ասում Երուսաղեմի, Իսրայելի երկրի բնակիչներին։ Իրենց հացը պակասով են ուտելու, իրենց ջուրն ամայության մեջ են խմելու, մինչև որ երկիրն ամայանա իր ամբողջության մեջ, որովհետև նրա բոլոր բնակիչներն ամբարշտության մեջ են։
20Նրանց բնակեցված քաղաքներն ավերվելու են, նրանց երկիրն ամայության է մատնվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։
21Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
22«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առակ է, որ ասվում է Իսրայելի երկրում, թե՝ “Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները”։
23Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. չեղյալ եմ համարելու այդ առակը, և Իսրայելի տունն այլևս այդ առակը չի ասելու, որովհետև պիտի ասես նրանց, որ մոտ են օրերն ու կատարվելու են բոլոր տեսիլքների պատգամները։
24Այլևս ոչ մի սուտ տեսիլք չի լինելու, ոչ էլ մարդահաճո գուշակներ՝ Իսրայելի որդիների մեջ։
25Արդարև, ես՝ Տերս, այս բաներն ասացի, ասացի և դրանք իրագործելու եմ, չեմ հետաձգելու, որովհետև, ո՛վ դառնացնող ժողովուրդ, ձեր օրոք այդ բաներն ասացի և դրանք իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։
26Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
27«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունը՝ դառնացնող ժողովուրդը, ասում է. “Տեսիլքը, որ դա տեսնում է, բազմաթիվ օրեր հետո է իրագործվելու, իսկ այն, ինչ մարգարեանում է՝ հեռավոր ժամանակներում”։
28Դրա համար էլ նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. այսուհետև բոլոր այն բաները, որ ասացի, չեն դանդաղելու, այլ ինչ որ ասացի՝ իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։