Ecclesiastes 6NEA

1Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որ շատ հաճախ է պատահում մարդուն։

2Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։

3Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից,

4որովհետև ունայնությամբ է լույս աշխարհ եկել և քայլում է խավարի միջով, և խավարում էլ կծածկվի նրա անունը,

5որովհետև նա ո՛չ արև տեսավ և ո՛չ էլ իմացավ, թե ի՛նչ է հանգիստը մեկ ուրիշից ավելի։

6Անգամ եթե ապրել է հազար տարի, բայց ոչ մի բարիք չի վայելել, մի՞թե նույն տեղը չի գնալու։

7Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի հագենում։

8Ո՞րն է իմաստունի առավելությունը հիմարից, որ տնանկը գիտե կյանքին ընդառաջ գնալ։

9Լավ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ։ Սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։

10Ինչ որ գոյություն ունի, արդեն անուն է դրված վրան, և սկզբից արդեն հայտնի է, թե ինչպիսի՛ն է մարդը, և որ նա երբեք չի կարող չափվել իրենից Հզորի հետ,

11որովհետև շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնությունը։

12Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ecclesiastes 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.