Ecclesiastes 7NEA

1Բարի անունը լավ է հոտավետ յուղից, և մահվան օրը՝ ծննդյան օրից։

2Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա է բարություն տալիս ողջ մնացած մարդու սրտին։

3Սրտմտությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից կզվարթանա սիրտը։

4Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ անմիտի սիրտը՝ ուրախության տանը։

5Մարդու համար ավելի լավ է իմաստունի հանդիմանությունը լսել, քան անմիտների երգը։

6Արդարև, հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մեջ ճարճատող փշերի ձայնին։ Բայց սա ևս ունայնություն է։

7Զրպարտությունը խռովում է իմաստուններին և կործանում նրանց ազնիվ սրտերը։

8Խոսքի վերջաբանը նախընտրելի է առաջաբանից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։

9Մի՛ շտապիր հոգուդ մեջ բարկանալ, որովհետև բարկությունը հանգչում է անզգամների ծոցում։

10Մի՛ ասա, թե ի՛նչ կատարվեց, թե ինչո՛ւ անցյալը լավ է ներկայից, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։

11Իմաստությունը ժառանգության հետ լավ է և առավելություն՝ արեգակը տեսնողների համար։

12Քանզի արեգակի հովանու ներքո իմաստությունը նման է արծաթի ստվերին, բայց իմաստուն գիտության օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստություն ստացողին։

13Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստված։

14Քո առատության օրերին բարիքի մե՛ջ ապրիր և վատ օ՛րն էլ նկատիր։ Եվ տե՛ս, որ Աստված դրանք միահյուսեց իրար, և մարդ չգիտի, թե ի՛նչ է լինելու։

15Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։

16Չափազանց արդար մի՛ եղիր և ոչ էլ շատ ճարտար, որ չսխալվես։

17Շատ ամբարիշտ մի՛ եղիր և մի՛ եղիր խստաբարո, որ տարաժամ չմեռնես։

18Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։

19Իմաստությունն ավելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնվող տասը իշխան։

20Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի։

21Բայց դու ամբարիշտների ասած ամեն խոսք սրտիդ շատ մոտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անեծքը չլսես, երբ նա քեզ անիծի։

22Քանզի ծառան շատ անգամ քեզ կարող է վատություն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։

23Այս ամենը փորձեցի իմաստությամբ և ասացի. «Ահա իմաստուն դարձա»։ Բայց իմաստությունը հեռացավ ինձնից, ավելի հեռու, քան մինչ այդ էր։

24Եվ արդ ո՞վ կարող է չափել խորխորատը։

25Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։

26Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։

27Ահա այս բոլորը գտա,- ասում է Ժողովողը,- մեկ առ մեկ հաշվելով՝ հասկանալու այդ ամենի պատճառը,

28որը փնտրեց հոգիս, բայց ես չգտա. հազարի մեջ մի տղամարդ գտա, բայց կին ամենևին չգտա։

29Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ecclesiastes 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.