Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 15

:
Armenian - NEA
1 «Ամեն յոթ տարին մեկ թողություն կանես։
2 Թողության օրենքը հետևյալն է. չեղյալ կհամարես այն ողջ պարտքը, որ քո ընկերը պարտք է քեզ. մի՛ պահանջիր քո ընկերոջից և քո եղբորից, որովհետև այդ թողությունը հանուն Տիրոջ՝ քո Աստծու է։
3 Օտարից կպահանջես այն, ինչ քոնն է, սակայն քո եղբոր պարտքը զիջի՛ր նրան։
4 Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և Տերը՝ քո Աստվածը, օրհնելու է քեզ այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, որպեսզի այն տիրես իբրև ժառանգություն։
5 Եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը, պահես ու կատարես բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ,
6 Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ, ինչպես խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կտաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կտիրես, բայց քեզ չեն տիրի։
7 Եվ եթե ձեր մեջ քո եղբայրներից մեկը կարիքի մեջ լինի, Տիրոջ՝ քո Աստծու քեզ տված երկրի քաղաքներից որևէ մեկում, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքավոր եղբոր նկատմամբ ժլատություն մի՛ արա,
8 այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կխնդրի նա իր կարոտության մեջ։
9 Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես. “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և անգթորեն վերաբերվես կարիքի մեջ գտնվող քո եղբորը և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։
10 Պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Եվ մի՛ տրտմիր, որովհետև դրա համար քո Տերը՝ Աստված, կօրհնի քեզ քո բոլոր գործերում, ինչ էլ որ ձեռնարկես։
11 Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։
12 «Եթե եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառվի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան ազատ կարձակես քեզնից։
13 Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես.
14 նրան կապահովես քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպես որ Տերը՝ քո Աստվածը, օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։
15 Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։
16 Իսկ եթե քեզ ասի՝ “Քեզանից չեմ հեռանա”, քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետև նրա համար հարմար է քեզ մոտ մնալը,
17 ապա հերյունը կվերցնես, դռան սեմի վրա կծակես նրա ականջը, և նա ցմահ կդառնա քո ստրուկը։ Նույն կերպ կվարվես քո աղախնի նկատմամբ։
18 Քեզ ծանր թող չթվա, եթե քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի ծառայել են քեզ և վարձկանից կրկնակի օգուտ են տվել քեզ։ Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ քո բոլոր գործերում»։
19 «Քո նախիրներում ու հոտերում ծնված բոլոր առաջնածին արուներին կնվիրաբերես Տիրոջը՝ քո Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես և քո հոտերի առաջին ծնունդները չխուզես։
20 Ամեն տարի դու և քո ընտանիքը կուտեք այն Տիրոջ առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։
21 Եթե այդ անասունը արատավոր լինի՝ կաղ, կույր կամ որևէ ուրիշ արատ ունենա, դրան Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր,
22 այլ կե՛ր քո քաղաքում։ Այնտեղ գտնվող անմաքուրն ու մաքուրը նույնպես թող ուտեն այն, ինչպես ուտում են այծյամին ու եղջերուին։
23 Սակայն արյունը չուտես, այլ իբրև ջուր կթափես գետնին»։