Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Deuteronomy 16

:
Armenian - NEA
1 «Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր Տիրոջ՝ քո Աստծու զատիկը, որովհետև Կանխոց ամսին գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։
2 Եվ կմորթես Տիրոջ՝ քո Աստծու զատիկը՝ ոչխարներ ու արջառներ, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։
3 Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ չարչարանաց հաց կուտես, որովհետև տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպեսզի ձեր կյանքի բոլոր օրերին հիշեք եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։
4 Քո բոլոր բնակավայրերում յոթ օր թթխմորով բան չերևա, և մինչև հաջորդ առավոտ չմնա այն մսից, որ մորթել ես առաջին օրվա երեկոյան։
5 Չհամարձակվես քո զատիկը մորթել քո քաղաքներից մեկում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ.
6 այլ զատիկը կմորթես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կզոհես զատիկը երեկոյան՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։
7 Կեփես, կխորովես ու կուտես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, և վաղ առավոտյան կվերադառնաս քո տունը։
8 Վեց օր բաղարջ հաց կուտես։ Յոթերորդ օրը կտոնես մեծ շուքով. այն նվիրված է Տիրոջը՝ քո Աստծուն։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի անձնական պետքերից»։
9 «Այն օրվանից, երբ կսկսես մանգաղով հնձել ցորենը, կհաշվես յոթ շաբաթ
10 և կկատարես Շաբաթների տոնը՝ նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն. կբերեք ձեր կամավոր նվերները, համաձայն քեզ տրված Տիրոջ՝ քո Աստծու հրամանի։
11 Եվ կուրախանաք Տիրոջ՝ քո Աստծու առջև, դու, քո տղան ու քո դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին, այն վայրում, որ կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։
12 Եվ հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատվիրանները»։
13 «Տաղավարահարաց տոնը կկատարես յոթ օր, երբ կհավաքես քո կալի ու քո հնձանի բերքը։
14 Քո տոնին կուրախանաք դու, քո տղան ու դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին։
15 Յոթ օր Տիրոջ՝ քո Աստծու տոնը կանես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։ Եվ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր բերքը և քո ձեռնարկած բոլոր գործերը, և ուրախ կլինես։
16 Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,
17 յուրաքանչյուրն ըստ իր կարողության՝ համաձայն Տիրոջ՝ քո Աստծու քեզ տրված հրամանի»։
18 «Այն բոլոր քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ըստ ցեղերի դատավորներ ու օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով,
19 աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։
20 Արդար դատ կանեք, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ։
21 Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի շուրջը պաշտամունքային ոչ մի փայտյա սյուն մի՛ կանգնեցրու, ոչ էլ որևէ ծա՛ռ տնկիր՝ պաշտելու համար,
22 ոչ էլ արձան կանգնեցրու, մի բան, որ ատում է Տերը՝ քո Աստվածը»։