Deuteronomy 14
1 «Դուք Տիրոջ՝ ձեր Աստծու որդիներն եք։ Մեռելի վրա սգալիս ձեզ մի՛ ծվատեք և ձեր ճակատի մազերը մի՛ փետեք,
2 որովհետև դուք Տիրոջ՝ ձեր Աստծու սուրբ ժողովուրդն եք։ Տերը՝ ձեր Աստվածը, երկրի վրա ապրող բոլոր ազգերից քեզ է ընտրել՝ լինելու իր սեփական ժողովուրդը»։
3 «Ամեն մի բան, որ անմաքուր է, մի՛ կերեք։
4 Սրանք են այն կենդանիները, որ կարող եք ուտել. արջառ, ոչխար, այծ,
5 եղջերու, այծյամ, գոմեշ, իշայծյամ, այծքաղ, վայրի այծ և եղնիկ։
6 Կուտեք նաև թաթը ճեղքված, կճղակաբաշխ ու որոճացող բոլոր կենդանիները։
7 Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, բայց թաթը ճեղքված կամ կճղակաբաշխ չեն։ Ուղտը, նապաստակն ու ճագարը թեև որոճում են, բայց կճղակաբաշխ չեն. դրանք ձեզ համար թող անմաքուր լինեն։
8 Խոզը թեև ճեղքված թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերեք նրա միսը և դրանց սատկած մարմնին մի՛ մոտեցեք։
9 Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող եք ուտել. կարող եք ուտել ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ ունեն։
10 Մի՛ կերեք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։
11 Բոլոր մաքուր թռչունները կարող եք ուտել։
12 Սրանք են այն թռչունները, որ չպետք է ուտեք. արծիվ, կորճ, անգղ,
13 գետարծիվ, ցին և դրանց նմանները,
14 որի և դրա նմանները,
15 ջայլամ, բու, ճայ,
16 արագիլ, կարապ, հողամաղ,
17 քաջահավ, սոխակ, ագռավ,
18 հավալուսն, քաղադր և դրանց նմանները, նաև՝ հոպոպ և չղջիկ։
19 Ձեզ համար անմաքուր թող լինեն բոլոր թևավոր զեռունները, դրանք մի՛ կերեք։
20 Կարող եք ուտել միայն բոլոր մաքուր թռչունները։
21 Ոչ մի սատկած անասունի միս չուտեք։ Այն կտաք ձեր քաղաքներում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառեք օտար մարդու, որովհետև դու Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդն ես։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։
22 «Ամեն տարի կառանձնացնես քո սերմանածի ողջ արդյունքի ու քո դաշտերի բերքի տասանորդը
23 և դա կուտես Տիրոջ՝ քո Աստծու առջև, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կմատուցես քո ցորենի, քո գինու, քո յուղի տասանորդը, քո արջառի ու ոչխարի առաջնածինները, որպեսզի սովորես հավիտյանս երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց։
24 Եվ եթե Տիրոջ՝ քո Աստծու օրհնությամբ քո բերքը շատ առատ լինի, ճանապարհն էլ շատ հեռու, և դու չկարողանաս տանել այն, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ ընտրել է Տերը՝ քո Աստվածը՝ իր անվան պաշտամունքի համար,
25 կվաճառես այն արծաթի դիմաց և այդ արծաթը վերցնելով՝ կգնաս այն վայրը, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։
26 Այդ արծաթով կգնես այն ամենը, ինչ ինքդ կկամենաս՝ արջառ, ոչխար, գինի, ցքի կամ այն ամենը, ինչ ինքդ կկամենաս, և կուտես այնտեղ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և կուրախանաք դու և քո որդին։
27 Քո քաղաքներում գտնվող ղևտացուն աչքաթող չանես, որովհետև նա հողից ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն։
28 Երեք տարի անցնելուց հետո կառանձնացնես այդ տարվա բերքի բոլոր տասանորդները և կպահես քո քաղաքներում։
29 Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։