Deuteronomy 13
1 «Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։
2 Եթե ձեր մեջ մարգարե կամ երազահան ելնի և քեզ մի նշան կամ հրաշք ցույց տա,
3 քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարվի, և հետո նա ասի՝ “Գնանք պաշտենք աստվածների”, որոնք օտար են և անծանոթ ձեզ համար,
4 մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։
5 Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք,
6 Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։
7 Եթե քո հոր կամ մոր կողմից քո եղբայրը կամ քո տղան կամ քո դուստրը կամ քո ծոցում պառկող կինը կամ անձիդ պես սիրելի բարեկամդ գաղտնաբար խնդրի քեզ ու ասի. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնց դու և քո հայրերը չեք ճանաչել,
8 որոնք ձեր շուրջը գտնվող, քեզ մոտիկ կամ քեզանից հեռու, երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը գտնվող ազգերի աստվածներ են,
9 չենթարկվես, չլսես նրան, չխնայես, չգթաս նրան ու չթաքցնես նրան՝ չծածկես նրա արարքը։
10 Ամենուր կհայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանա նրան սպանելու համար, որից հետո թող բարձրանա ամբողջ ժողովրդի ձեռքը։
11 Թող քարկոծեն ու սպանեն նրան, որովհետև նա փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
12 Ամբողջ Իսրայելը, այդ լսելով, թող զարհուրի, և ձեր մեջ ոչ ոք թող չհանդգնի նման չար արարք կատարել։
13 Եթե լսես քաղաքներից մեկում, որոնք Տերը՝ քո Աստվածը, բնակվելու համար տալու է քեզ,
14 թե՝ Ձեր միջից անօրեն մարդիկ դուրս ելան ու հեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին՝ ասելով. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնք անծանոթ են ձեզ համար,
15 ապա կքննես, հարցուփորձ կանես և մանրակրկիտ կստուգես նրանց։ Եվ եթե իրոք հավաստի է, որ այդ սրբապղծությունը տեղի է ունեցել ձեր մեջ,
16 ապա սրի հարվածներով կկոտորեք այդ երկրի բոլոր բնակիչներին, կնզովեք այդ քաղաքն ու այն ամենը, ինչ կա այնտեղ, և նրանց անասունները սրի կքաշեք։
17 Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։
18 Նրա նզովված իրերից ոչինչ չվերցնես, որպեսզի Տերը մեղմի իր բարկությունը, գթառատ լինի քո նկատմամբ, ողորմի քեզ և քեզ բազմացնի այնպես, ինչպես երդվել էր Տերը քո հայրերին,
19 եթե անշուշտ լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը, պահես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, Տիրոջ՝ քո Աստծու առջև բարին և հաճելին գործես»։