Acts 25
1 Երբ Փեստոսն իշխանության անցավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։
2 Քահանայապետներն ու հրեաների գլխավորները նրան զեկուցեցին Պողոսի մասին և
3 նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին Պողոսին սպանելու համար։
4 Իսկ Փեստոսը պատասխանեց, թե նա Կեսարիայում կպահվի, և որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։
5 Ապա ասաց. «Ձեզնից ովքեր կկարողանան, ինձ հետ թող իջնեն, և եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, նրան ամբաստանեն»։
6 Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալուց հետո եկավ իջավ Կեսարիա, և հաջորդ օրը, ատյան նստելով, հրամայեց, որ Պողոսին բերեն։
7 Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել,
8 քանի որ Պողոսը պատասխանում էր. «Ոչնչով հանցավոր չեմ ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դեմ»։
9 Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։
10 Պողոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, ինչպես ինքդ էլ քաջ գիտես.
11 ուրեմն եթե հանցավոր եմ և մահվան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենա։ Իսկ եթե ոչինչ չկա այն մեղադրանքների մեջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպես շնորհ հանձնել դրանց։ Կայսրի՛ն եմ բողոքում»։
12 Այդժամ Փեստոսը, իր խորհրդականների հետ խոսելուց հետո, պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մոտ պիտի գնաս»։
13 Մի քանի օր անցնելուց հետո Ագրիպպաս արքան և Բերենիկեն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։
14 Երբ այնտեղ արդեն շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պողոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնված մի մարդ կա մնացած,
15 որի մասին քահանայապետները և հրեաների գլխավորներն ինձ տեղեկացրին, երբ Երուսաղեմ գնացի։ Ինձնից խնդրում էին, որ նրան պատժեմ։
16 Նրանց պատասխանեցի. “Հռոմեացիների սովորությունը չէ որևէ մեկին իբրև շնորհ հանձնել ուրիշ մեկի, մինչև որ ամբաստանյալն իր առաջ չունենա մեղադրողներին և ամբաստանության դեմ պատասխան տալու հնարավորությունը չստանա”։
17 Եվ երբ այստեղ եկան, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։
18 Նրա դեմ ամբաստանություն ներկայացնողները մեջտեղ չէին բերում և ոչ մի հանցանք, որ ես կասկած ունենայի.
19 այլ նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող ինչ-ինչ խնդիրներ ունեին, ինչպես նաև մեռած ոմն Հիսուսի վերաբերյալ, որի մասին Պողոսն ասում էր, թե կենդանի է։
20 Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, մեղադրյալին ասացի, թե կկամենա՞ր Երուսաղեմ գնալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել։
21 Բայց երբ Պողոսը բողոքեց, որ ինքը պետք է պահվի օգոստափառի վճռի համար, հրամայեցի պահել նրան, մինչև որ կայսեր մոտ ուղարկեմ»։
22 Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կկամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղն իսկ կլսես նրան»։
23 Եվ հաջորդ օրը, երբ Ագրիպպասը և Բերենիկեն փառավոր հանդեսով քաղաքի պատվավոր մարդկանց հետ եկան և հազարապետների հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, և Պողոսին բերեցին։
24 Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքա և մեզ հետ ներկա ամենքդ, տեսնո՞ւմ եք սրան. հրեա ամբողջ ժողովուրդը թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ սրա մասին ամբաստանություն էին անում ինձ մոտ և աղաղակում, թե նա չպետք է կենդանի մնա։
25 Բայց ես պարզեցի, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ, բողոքած լինելով օգոստափառին, խորհեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։
26 Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։
27 Քանզի ինձ անպատեհ բան է թվում ուղարկել մի բանտարկյալի՝ առանց նրա մասին որևէ հանցանք նշելու»։