Acts 23
1 Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։
2 Անանիա քահանայապետը հրամայեց սպասավորներին, որ խփեն Պողոսի բերանին։
3 Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստված է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ, և դու նստում ես, որ օրենքի՞ համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ անօրեն կերպով ինձ հարվածեն»։
4 Շուրջը կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»։
5 Պողոսն ասաց. «Չգիտեի, եղբայրնե՛ր, որ քահանայապետն է, քանի որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի անիծես» ։
6 Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
7 Եվ երբ այս ասաց, փարիսեցիների և սադուկեցիների միջև երկպառակություն առաջացավ, և բազմությունը պառակտվեց,
8 որովհետև սադուկեցիներն ասում էին. «Չկա հարություն և ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ Հոգի, իսկ փարիսեցիներն ընդունում էին երկուսն էլ։
9 Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից դպիրներից ոմանք ոտքի ելան և հակառակվում էին՝ ասելով. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում, այլ թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։
10 Եվ երբ կրքերը բորբոքվեցին, հազարապետը, վախենալով, որ գուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից վերցնել Պողոսին ու տանել զորանոց։
11 Հաջորդ օրվա գիշերը Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույնպես և պետք է Հռոմում վկայես»։
12 Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։
13 Քառասունից ավելի էին նրանք, որ իրար հետ այս երդումն էին արել։
14 Նրանք մոտեցան քահանայապետներին և ծերերին ու ասացին. «Սուրբ երդում արեցինք ոչինչ չուտելու, մինչև Պողոսին չսպանենք։
15 Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։
16 Իսկ Պողոսի քրոջ որդին, լսելով այս դավադրությունը, եկավ զորանոց ու պատմեց Պողոսին։
17 Պողոսը, իր մոտ կանչելով հարյուրապետերից մեկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հաղորդելու բան ունի»։
18 Նա պատանուն առավ տարավ հազարապետի մոտ ու ասաց. «Կալանավորված Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։
19 Հազարապետը, նրա ձեռքից բռնելով, մի կողմ գնաց ու հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»։
20 Պատանին ասաց. «Հրեաները միաբանվեցին՝ խնդրելու քեզ, որ վաղը Պողոսին ատյան իջեցնես, իբր թե ուզում են նրա վերաբերյալ ավելի ստույգ հարցաքննել։
21 Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։
22 Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ նրան պատվիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թե այս բաների մասին ինձ տեղեկացրիր»։
23 Այնուհետև հարյուրապետերից երկուսին իր մոտ կանչեց ու ասաց. «Գիշերվա երրորդ ժամից մինչև Կեսարիա գնալու համար պատրաստե՛ք երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալներ և երկու հարյուր նիզակավորներ,
24 ինչպես և պատրաստի գրաստներ, որ Պողոսին իջեցնեն ու ապահով տեղ հասցնեն»։ Եվ Ֆելիքս կուսակալին
25 նամակ գրեց, որն այս բովանդակությունն ուներ.
26 «Կլավդիաս Լյուսիասից գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜ւյն։
27 Այս մարդը բռնվել էր հրեաների կողմից, և նրանց կողմից սպանվելու մոտ էր. զինվորներով վրա հասա և ազատեցի՝ իմանալով, որ հռոմեացի է։
28 Կամեցա գիտենալ հանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան ատյան իջեցրի։
29 Գտա, որ նա իրենց օրենքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանված ու մահվան կամ կալանքի արժանի որևէ հանցանք չուներ։
30 Երբ այս մարդու հանդեպ նրանց նենգության մասին ինձ տեղեկացվեց, նրան ուղարկեցի քեզ մոտ՝ հրամայելով, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն. ո՛ղջ եղիր»։
31 Զինվորները, իրենց տրված հրամանի համաձայն Պողոսին վերցնելով, գիշերով տարան Անտիպատրիդա։
32 Եվ հաջորդ օրը, թողնելով հեծյալներին, որ նրա հետ գնան, զորանոց վերադարձան։
33 Հեծյալները մտան Կեսարիա և նամակը կուսակալին տալով՝ Պողոսին էլ կանգնեցրին նրա առաջ։
34 Երբ կուսակալը նամակը կարդաց, հարցրեց, թե ո՛ր նահանգից է, և ստուգելով, որ Կիլիկիայից է,
35 ասաց. «Քեզ կլսեմ, եթե քեզ չարախոսողներն էլ գան, ներկա լինեն»։ Եվ հրամայեց պահել նրան Հերովդեսի ապարանքում։