Acts 22
1 «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, այժմ լսե՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։
2 Երբ լսեցին, որ եբրայեցիների լեզվով դիմեց իրենց, առավել ևս հանդարտվեցին ու լռեցին։
3 Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։
4 Ես քրիստոնյաներին հալածեցի մինչև մահ՝ կապելով և բանտերի մատնելով տղամարդկանց ու կանանց,
5 ինչպես ինձ վկա են քահանայապետը և ամբողջ ծերակույտը, որոնցից եղբայրներին ուղղված նամակներ առնելով՝ Դամասկոս էի գնում՝ եղբայրների մոտ՝ այնտեղից ևս կապյալներ բերելու Երուսաղեմ, որ պատժվեն։
6 Այնպես պատահեց, որ երբ գնում էի և մոտենում Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից սաստիկ լույս փայլատակեց շուրջս.
7 ես գետնին ընկա ու լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ”։
8 Եվ ես պատասխանեցի. “Ո՞վ ես, Տե՛ր”։ Եվ ինձ ասաց. “Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես”։
9 Ինձ հետ եղողները ևս լույսը տեսնում էին, բայց չէին լսում ինձ հետ խոսող այդ ձայնը։
10 Ես ասացի. “Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր”։ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կպատմվի այն ամենի մասին, որ պետք է անես”։
11 Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողների կողմից առաջնորդվելով՝ մտա Դամասկոս։
12 Անանիա անունով մի մարդ՝ երկյուղած ըստ օրենքի և վկայված Դամասկոսում բնակվող բոլոր հրեաների կողմից,
13 եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. “Սավո՛ւղ եղբայր, վերև՛ նայիր”։ Ես իսկույն վեր՝ նրա՛ն նայեցի։
14 Եվ նա ինձ ասաց. “Մեր հայրերի Աստվածը նախօրոք ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը, տեսնես Արդարին ու նրա բերանից լսես ձայնը,
15 որպեսզի բոլոր մարդկանց մոտ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։
16 Արդ, ինչո՞ւ ես հապաղում, վե՛ր կաց, մկրտվի՛ր և լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով”։
17 Եվ այնպես պատահեց, որ երբ վերադարձա Երուսաղեմ և տաճարում աղոթում էի, մտահափշտակության մեջ ընկա.
18 տեսա նրան, որ ինձ ասում էր. “Շտապի՛ր, իսկույն հեռացի՛ր Երուսաղեմից, քանի որ իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու”։
19 Եվ ես ասացի. “Տե՛ր, իրենք իսկ գիտեն՝ ես էի, որ բանտարկել և բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հավատացողներին։
20 Իսկ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս նրա մոտ էի կանգնել և համաձայն էի նրա սպանությանը, ավելին, նրան սպանողների հագուստներն էի պահում”։
21 Բայց նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետև ես քեզ պետք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ”»։
22 Մինչև այս խոսքը նրան ունկնդրում էին, բայց այնուհետև բարձրացրին ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև այդպիսին չպետք է ապրի»։
23 Եվ աղաղակելով՝ հագուստները հանում գցում էին և փոշին օդ ցանում։
24 Հազարապետը հրամայեց, որ նրան զորանոց մտցնեն, և ասաց. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար էին նրա դեմ այդպես աղաղակ բարձրացրել»։
25 Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պողոսն ասաց վերակացու հարյուրապետին. «Օրինավո՞ր եք համարում ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։
26 Երբ հարյուրապետն այս լսեց, մոտեցավ հազարապետին և ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմեական քաղաքացի է»։
27 Հազարապետը մոտեցավ և ասաց նրան. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես»։ Նա ասաց՝ այո՛։
28 Հազարապետն ի պատասխան ասաց. «Ես մեծ գումարով եմ ստացել այս քաղաքացիությունը»։ Իսկ Պողոսն ասաց. «Ես ծնունդով իսկ քաղաքացի եմ»։
29 Եվ իսկույն նրանից հեռացան նրանք, որ պատրաստվում էին ծեծել նրան։ Ինքը՝ հազարապետն էլ վախեցավ, երբ իմացավ, որ հռոմեացի է, մանավանդ կապանքի տակ էր առել նրան։
30 Հաջորդ առավոտ հազարապետը, կամենալով ճշմարիտն իմանալ հրեաների ամբաստանության մասին, կապերից արձակեց Պողոսին և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը և Պողոսին իջեցնելով՝ կանգնեցրեց նրանց առաջ։