Acts 21
1 Երբ մենք նրանցից բաժանվեցինք ու նավ ելանք, ուղիղ առաջ նավարկելով՝ եկանք Կոս, հաջորդ օրը՝ Ռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։
2 Գտնելով Փյունիկե գնացող մի նավ՝ նստեցինք այն ու գնացինք։
3 Երբ Կիպրոսը երևաց, այն թողեցինք ձախ կողմում, նավարկեցինք դեպի Ասորիք և իջանք Տյուրոս, քանի որ նավն այնտեղ էր իր բեռները թափելու։
4 Գտնելով աշակերտներին՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չբարձրանա։
5 Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։
6 Միմյանց հրաժեշտ տալով՝ մենք նավ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը։
7 Եվ նավն առաջ մղելով՝ Տյուրոսից հասանք Պտղոմայիս ու եղբայրներին ողջույն տալով՝ մեկ օր նրանց մոտ մնացինք։
8 Հաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա և մտնելով Փիլիպպոս ավետարանչի՝ յոթ սարկավագներից մեկի տունը, օթևանեցինք նրա մոտ։
9 Նա ուներ չորս կույս աղջիկներ, որոնք մարգարեուհիներ էին։
10 Եվ երբ արդեն բավական օրեր այնտեղ էինք, Հրեաստանից Ագաբոս անունով մի մարգարե իջավ։
11 Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։
12 Երբ այս լսեցինք, մենք և այնտեղ գտնվողներն աղաչեցինք, որ նա Երուսաղեմ չբարձրանա։
13 Այդ ժամանակ Պողոսը պատասխանեց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում և սիրտս ճմլում. ես Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ոչ միայն կապվելու, այլև մեռնելու պատրաստ եմ»։
14 Եվ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի։
15 Այդ օրերից հետո պատրաստվեցինք ու Երուսաղեմ բարձրացանք։
16 Մեզ հետ եկան նաև կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասովնի մոտ, որն առաջին իսկ օրերից աշակերտ էր, և որի տանն օթևանելու էինք։
17 Երբ Երուսաղեմ մտանք, եղբայրները մեզ խնդությամբ ընդունեցին։
18 Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ մտավ. եկան նաև բոլոր երեցները։
19 Ողջունելով նրանց՝ մի առ մի պատմեց այն բաները, որ Աստված նրա ծառայության միջոցով արեց հեթանոսների մեջ։
20 Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։
21 Բայց քո մասին տեղեկացան, թե հեթանոսների մեջ գտնվող բոլոր հրեաներին Մովսեսի օրենքի դեմ ես ուսուցանում՝ ասելով, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն և կրոնի սովորույթների համաձայն չգնան։
22 Արդ, ի՞նչ պետք է լինի. հաստատապես կլսեն, որ եկել ես։
23 Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մոտ կան իրենց անձի համար ուխտ կատարած չորս մարդիկ.
24 նրանց վերցրո՛ւ և մաքրվի՛ր նրանց հետ, նրանց ծախսը հոգա՛, որ իրենց գլուխներն ածիլեն։ Ամենքը կիմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկվել են, ոչինչ են, և որ դու էլ համաձայն ես օրենքը պահելուն։
25 Հավատացյալ հեթանոսների մասին մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցված զոհերից ու արյունից, խեղդամահ արված կենդանուց և պոռնկությունից»։
26 Այդ ժամանակ Պողոսն իր հետ վերցրեց այդ մարդկանց և հաջորդ օրը՝ նրանց հետ մաքրվելուց հետո, տաճար մտավ՝ հայտնելու մաքրման օրերի ավարտի մասին, որից հետո նրանցից յուրաքանչյուրի համար զոհ մատուցվեց։
27 Սակայն երբ յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները, նրան տաճարի մեջ տեսնելով, նրա շուրջը հավաքեցին ամբողջ ամբոխը, և ձեռքները նրա վրա դնելով՝
28 աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացիներ, օգնե՛ք, այս մարդն է, որ ամենուր ամենքին ընդդեմ ժողովրդի և օրենքի ու այս սրբավայրի է ուսուցանում. մինչև իսկ հեթանոսներին տաճար մտցրեց և այս սուրբ տեղը պղծեց»։
29 Քանի որ նախապես քաղաքում նրա հետ տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար մտցրեց։
30 Ամբողջ քաղաքը տակնուվրա եղավ, ժողովուրդը խռնվեց. բռնելով Պողոսին՝ քարշ տվեցին տաճարից դուրս, և դռներն իսկույն փակվեցին։
31 Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասավ, թե ամբողջ Երուսաղեմը խռովվել է։
32 Իսկույն զինվորներ և հարյուրապետներ վերցնելով իր հետ՝ շարժվեց նրանց վրա։ Տեսնելով հազարապետին ու զինվորներին՝ նրանք դադարեցին Պողոսին ծեծելուց։
33 Այդ ժամանակ հազարապետը մոտենալով բռնեց նրան ու հրամայեց կապել կրկնակի շղթաներով. և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։
34 Ամբոխի մեջ այլևայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմուկի պատճառով ստուգությունը չկարողացավ իմանալ, հրամայեց նրան զորանոց տանել։
35 Երբ աստիճաններին հասավ, այնպես եղավ, որ ամբոխի բռնության պատճառով զինվորները նրան բարձրացրին ու տարան,
36 քանի որ ժողովրդի բազմությունը հետևից էր գնում՝ աղաղակելով՝ «Մա՛հ դրան»։
37 Պողոսը ուր որ է զորանոց էր մտնելու, երբ հազարապետին հարցրեց. «Կարո՞ղ եմ խոսել քեզ հետ»։ Իսկ հազարապետը պատասխանեց. «Դու հունարե՞ն գիտես.
38 չլինի՞ թե դու ես այն եգիպտացին, որ օրեր առաջ ապստամբեցրիր և անապատ հանեցիր չորս հազար սուսերավոր ավազակների»։
39 Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ, Կիլիկիայի նշանավոր Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր, որ իմ խոսքն ուղղեմ ժողովրդին»։
40 Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.