Acts 18
1 Սրանից հետո Պողոսն Աթենքից մեկնեց ու եկավ Կորնթոս։
2 Այստեղ նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիլլայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային, և հարեց նրանց։
3 Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։
4 Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում՝ համոզելով հրեաներին ու հեթանոսներին։
5 Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը Հոգու կողմից ավելի էր մղվում՝ հրեաներին վկայությամբ փաստելու, որ Հիսուսն է Քրիստոսը։
6 Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։
7 Եվ այնտեղից ելնելով՝ մտավ մեկի տունը, որի անունը Տիտոս Հուստոս էր, աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։
8 Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ տնով հավատաց Տիրոջը։ Նաև կորնթացիներից շատերը, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։
9 Եվ Տերը գիշերով տեսիլքի մեջ Պողոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր,
10 քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ վրա չպիտի հարձակվի՝ քեզ վնասելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։
11 Եվ նա այնտեղ մնաց մեկ տարի ու վեց ամիս՝ նրանց ուսուցանելով Աստծու խոսքը։
12 Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝
13 ասելով. «Սա մարդկանց դրդում է, որ Օրենքին հակառակ եղանակով պաշտեն Աստծուն»։
14 Եվ երբ Պողոսը պատրաստվում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթե որևէ անիրավություն կամ մի չարանենգ խարդախություն եղած լիներ, պատեհ էր, որ ես ձեզ անսայի.
15 բայց եթե խնդիրներ կան խոսքի, անունների և կամ ձեր օրենքների մասին, դուք ինքնե՛րդ քննեք, քանի որ այդպիսի բաների դատավոր լինել չեմ կամենում»։
16 Եվ նրանց ատյանից դուրս արեց։
17 Իսկ բոլոր հույները, ժողովրդապետ Սոսթենեսին բռնելով, ատյանի առաջ ծեծում էին, և Գաղիոնը բնավ չէր մտահոգվում։
18 Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։
19 Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։
20 Եվ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց հանձն չառավ,
21 այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Այնուհետև Եփեսոսից մեկնեց
22 ու իջավ Կեսարիա, հետո ելավ վեր՝ Երուսաղեմ, և ողջույն տվեց եկեղեցուն, ապա իջավ Անտիոք։
23 Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։
24 Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, ճարտարախոս մարդ, եկավ հասավ Եփեսոս։ Նա Սուրբ Գրքին հմուտ էր։
25 Տեղյակ էր նա Տիրոջ ճանապարհին և եռում էր հոգով, խոսում և ճշմարտությամբ ուսուցանում էր Հիսուսի մասին, բայց գիտեր միայն Հովհաննեսի մկրտությունը։
26 Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
27 Իսկ երբ կամեցավ Աքայիա գնալ, եղբայրները համաձայնվեցին և գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա տեղ հասավ, Աստծու շնորհով շատ օգտակար եղավ հավատացյալներին,
28 քանի որ հրեաներին բուռն կերպով հրապարակավ հանդիմանում էր՝ Սուրբ Գրքի միջոցով ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը։