Acts 17
1 Ամփիպոլիս ու Ապոլոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։
2 Ըստ իր սովորության՝ Պողոսը մտավ նրանց մոտ ու երեք շաբաթ օրեր նրանց հետ խոսեց Սուրբ Գրքից։
3 Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։
4 Նրանցից ոմանք համոզվեցին ու հարեցին Պողոսին և Շիղային, ինչպես նաև աստվածապաշտ հեթանոսներ և թվով ոչ սակավ երևելի կանայք։
5 Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։
6 Եվ երբ նրանց չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվին քաղաքի ավագների մոտ՝ բողոք բարձրացնելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա արեցին, այստեղ են հասել,
7 և Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. ոմն Հիսուսի թագավոր են համարում»։
8 Եվ գրգռեցին ժողովրդին ու քաղաքի ավագներին, որ այս բաները լսում էին։
9 Բայց երաշխիք ստանալով Յասոնից և ուրիշներից՝ արձակեցին նրանց։
10 Սակայն եղբայրները գիշերով շտապ դեպի Բերիա ճանապարհ դրեցին Պողոսին և Շիղային, որոնք, երբ տեղ հասան, ուղիղ հրեաների ժողովարան գնացին,
11 քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան Թեսաղոնիկեում եղածները։ Նրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը. հանապազորդ քննում էին Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե արդյոք այդ բաներն այդպե՞ս են։
12 Նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ պակաս հույն երևելի կանայք և տղամարդիկ։
13 Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, թե Բերիայում էլ Պողոսի կողմից քարոզվեց Աստծու խոսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմությունը հուզելու և գրգռելու։
14 Այն ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծովեզր, իսկ Շիղան ու Տիմոթեոսը մնացին այնտեղ։
15 Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվեր ստանալով, որ շտապ Պողոսի մոտ գնան, իրենք վերադարձան։
16 Մինչ Պողոսն Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին զայրանում էր՝ քաղաքը կռապաշտության մեջ տեսնելով։
17 Ժողովարանում դիմում էր հրեաներին ու աստվածապաշտ հույներին, իսկ հրապարակներում ամեն օր, ում որ հանդիպում էր։
18 Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին նրա հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանզի Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։
19 Եվ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջև ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե ի՛նչ է քո քարոզած այդ նոր վարդապետությունը,
20 քանզի օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ կարող են լինել։
21 Որովհետև բոլոր աթենացիները, ինչպես նաև օտար եկվորներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։
22 Պողոսը կանգնեց Արիսպագոսի մեջտեղում և ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի պաշտամունքասեր եք,
23 քանի որ շրջելով և տեսնելով ձեր պաշտածները՝ գտա նաև մի բագին, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն»։ Հետևաբար, ում դուք առանց ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ։
24 Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է Տերը երկնքի և երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում,
25 ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի տալիս կյանք և շունչ և ամեն ինչ։
26 Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
27 որպեսզի փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն նրան, թեև նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ։
28 Քանզի նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ «Մենք նրա զարմից ենք»։
29 Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն, արծաթին կամ քարին՝ քանդակված մարդու խելքով ու ճարտարությամբ։
30 Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։
31 Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
32 Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք սկսեցին ծաղրել, ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ առիթով կլսենք քեզնից այդ մասին»։
33 Ապա Պողոսը նրանց միջից ելավ գնաց։
34 Իսկ մի քանի մարդիկ, որոնց թվում՝ Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ, հարելով նրան, հավատացին։