2 Kings 1NEA

1Աքաաբի մահվանից հետո մովաբացիներն ապստամբեցին Իսրայելի դեմ։

2Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։

3Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։

4Ուրեմն այժմ Տերն այսպես է ասում. “Այդ մահիճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու և դրա մեջ էլ մեռնելու ես”»։ Եղիան գնաց ու հայտնեց նրանց այդ խոսքերը։

5Պատգամավորները վերադարձան արքայի մոտ, և նա հարցրեց. «Ինչո՞ւ եք հետ դարձել»։

6Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելավ ու ասաց մեզ. “Վերադարձե՛ք ձեզ ուղարկող արքայի մոտ և ասե՛ք նրան. այսպես է ասում Տերը. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, ցած չես իջնելու, մեռնելու ես”»։

7Օքոզիան հարցրեց. «Ի՞նչ նշաններ ուներ այն մարդը, որ ձեր առաջ ելավ և այդ բաներն ասաց ձեզ»։

8Նրանք ասացին. «Մազոտ մարդ էր և մեջքին կաշվե գոտի էր կապել»։ Նա ասաց. «Դա թեզբացի Եղիան է»։

9Նա մի հիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարեի մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ նրա մոտ։ Եղիան նստած էր լեռան գագաթին։ Հիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։

10Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։

11Արքան նորից մի այլ հիսնապետ ուղարկեց նրա մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպես է ասում. “Անմիջապես ցա՛ծ իջիր այդտեղից”»։

12Եղիան, պատասխան տալով, նրան ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Աստծու կրակն իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։

13Արքան երրորդ անգամ հիսնապետ ուղարկեց հիսուն հոգով։ Երրորդ հիսնապետը եկավ, Եղիայի առջև ծնկի իջավ և աղաչելով ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս հիսուն ծառաներին,

14քանզի տեսանք, որ կրակ ընկավ երկնքից ու լափեց նախորդ երկու հիսնապետներին ու նրանց հիսունական զինվորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»։

15Տիրոջ հրեշտակը, խոսելով Եղիայի հետ, ասաց. «Գնա՛ նրա հետ, նրանցից երկյուղ մի՛ ունեցիր»։ Եղիան վեր կացավ, նրա հետ գնաց արքայի մոտ

16և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։

17Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիային։ Քանի որ Օքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց իր եղբայր Հովրամը, որը թագավորեց Իսրայելում Հովսափատի որդի Հուդայի արքա Հովրամի թագավորության երկրորդ տարում։

18Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։ Աքաաբի որդի Հովրամը Հուդայի արքա Հովսափատի թագավորության տասնութերորդ տարում Սամարիայում տասներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ իր եղբայրների և իր մոր նման։ Նա հանեց ու ոչնչացրեց իր հոր պատրաստած Բահաղի արձանները, բայց գործեց Հերոբովամի տան այն մեղքերը, որոնցով նա մեղանչել էր տվել Իսրայելին, դրանցից չհրաժարվեց։ Եվ Տերը խիստ զայրացավ Աքաաբի տան վրա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Kings 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.