1 Kings 22NEA

1Երեք տարի պատերազմ չեղավ Ասորիքի ու Իսրայելի միջև։

2Երրորդ տարում Հուդայի արքա Հովսափատը եկավ Իսրայելի արքայի մոտ։

3Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։

4Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մեզ հետ կհարձակվե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա»։ Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Մի ենք ես և դու, մի են իմ զորքն ու քո զորքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։

5Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։

6Իսրայելի արքան հավաքեց բոլոր մարգարեներին, մոտավորապես չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա պատերազմի գնա՞մ, թե՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տերն այն անպայման արքայի ձեռքն է հանձնելու»։

7Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Այստեղ արդյոք Տիրոջ մարգարե կա՞, թե՞ ոչ, որ նրա՛ միջոցով Տիրոջը հարցնենք»։

8Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։

9Իսրայելի արքան, մի ներքինի կանչելով, ասաց. «Անմիջապես այստե՛ղ բեր Հեմլեի որդի Միքիային»։

10Իսրայելի արքան և Հուդայի երկրի արքա Հովսափատը զինավառ նստել էին ամեն մեկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մոտ, և բոլոր մարգարեները մարգարեություն էին անում նրանց առջև։

11Քենաանայի որդի Սեդեկիան, որը երկաթե եղջյուրներ էր սարքել տվել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցո՛վ ես հարվածելու ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։

12Բոլոր մարգարեները նույնպես մարգարեանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը և հաջողություն կունենաս. Տերը քո ձեռքը կհանձնի ասորիների արքային»։

13Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահավասիկ բոլոր մարգարեները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար։ Արդ, քո խոսքն էլ թող նրանց ասածին համահունչ լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»։

14Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։

15Նա եկավ արքայի մոտ, և արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դեմ պատերազմելու գնա՞մ, թե՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛, արքա՛, և հաջողություն կգտնես, և Տերը քաղաքը քո ձեռքը կհանձնի»։

16Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդվեցնում, որ ինձ ճշմարտությունն ասես հանուն Տիրոջ»։

17Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։

18Իսրայելի արքան ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ես քեզ չասացի՞, թե նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ միայն չար բան»։

19Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։

20Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա և սպանվի”։ Մեկն այսպես ու մյուսն այնպես էր ասում։

21Եվ ահա մի ոգի ելավ ու կանգնելով Տիրոջ առջև՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերը նրան ասաց. “Ի՞նչ միջոցով”։

22Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։

23Եվ ահա Տերը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարեների բերանում, և Տերը չարիք է որոշել քեզ համար»։

24Քանանի որդի Սեդեկիան մոտեցավ ու խփելով Միքիայի ծնոտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խոսեց քո մեջ»։

25Միքիան ասաց. «Դու ինքդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կվազես թաքնվելու համար»։

26Իսրայելի արքան ասաց. «Բռնե՛ք Միքիային և հանձնելով Ամովն քաղաքապետին ու արքայորդի Հովասին՝

27ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։

28Միքիան ասաց. «Եթե դու ողջ և առողջ վերադառնաս, ուրեմն Տերը չէ, որ խոսել է իմ բերանով»։ Ապա ավելացրեց. «Լսե՛ք, զորքե՛ր, ամենքդ լսե՛ք»։

29Իսրայելի արքան Հուդայի արքա Հովսափատի հետ շարժվեց դեպի Գաղաադի Ռամաթ քաղաքը։

30Իսրայելի արքան ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ես կկերպարանափոխվեմ և այդպես կմտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ հագուստները»։ Իսրայելի արքան կերպարանափոխվեց և մտավ պատերազմի մեջ։

31Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։

32Երբ մարտակառքերի պետերը տեսան Հուդայի արքա Հովսափատին, ասացին միմյանց. «Թվում է, թե սա է Իսրայելի թագավորը»։ Նրանք մոտեցան, որ կռվեն նրա դեմ, բայց Հովսափատն աղաղակեց։

33Երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա չէ Իսրայելի արքան, հետ դարձան։

34Մեկն ուժգին ձգեց իր աղեղը և ճեղքելով Իսրայելի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Նա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրավոր եմ»։

35Սակայն այդ օրը պատերազմը սաստկացավ, և արքան այգաբացից մինչև երեկո մնաց իր մարտակառքում, ասորիների դեմ։ Արյունը հոսում էր վերքից ու լցվում մարտակառքի մեջ։ Երբ երեկո եղավ, նա մեռավ։

36Արեգակի մայր մտնելու ժամանակ մունետիկը հայտնեց զորքին. «Ամեն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնա,

37որովհետև արքան մեռել է»։ Արքային բերեցին Սամարիա և Սամարիայում էլ թաղեցին։

38Սամարիայի ջրավազաններում լվացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արյունը, իսկ բոզերը լողացան նրա արյան մեջ, ինչպես կանխատեսել էր Տերը։

39Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրյա տունը, կառուցած բոլոր քաղաքները՝ այս ամենը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։

40Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։

41Իսրայելի թագավոր Աքաաբի թագավորության չորրորդ տարում թագավորեց Հովսափատը։

42Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ու քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր։

43Նա իր հոր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորվեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև։

44Նա պաշտամունքի բարձունքները չվերացրեց, որովհետև ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ ծխում մեհյաններում։

45Հովսափատը խաղաղության դաշինքի մեջ էր Իսրայելի արքայի հետ։

46Հովսափատի մնացած գործերը, կատարած քաջագործություններն ու պատերազմները նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։

47Նա երկրից մաքրեց սոդոմական մեղք գործողներին, որոնք մնացել էին իր հոր օրերից։

48Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։

49Հովսափատ արքան Թարսիս հասնելու կարող նավեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նավերը տեղ չկարողացան հասնել, որովհետև Ասիոնգաբերում նավաբեկության ենթարկվեցին։

50Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հովսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, և քո նավերը՝ իմ նավերի հետ»։ Սակայն Հովսափատը չհամաձայնեց։

51Հովսափատը գնաց իր նախնիների մոտ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախահայր Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Հովրամը։

52Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց Հուդայի արքա Հովսափատի թագավորության տասնյոթերորդ տարում։ Նա Իսրայելում թագավորեց երկու տարի։

53Նա չար գործեր արեց Տիրոջ առջև, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Հեզաբելի, Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղսալից ճանապարհով։

54Նա ծառայեց Բահաղի կուռքերին, երկրպագեց նրանց և դրանով իսկ բարկացրեց Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ ըստ ամենայնի կրկնելով իր նախորդների կատարածը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Kings 22.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.