1Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեեն գնացին Գաղգաղայից։
2Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթել։
3Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեեի մոտ և ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տերն այսօր առնելու տանելու է քո մոտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։
4Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Երիքով։
5Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեեին և ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը առնելու տանելու է քո մոտից»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։
6Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանի որ Տերն ինձ Հորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եվ նրանք երկուսով գնացին։
7Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնացին ու կանգնեցին հեռվում՝ Եղիայի ու Եղիսեեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանան գետի եզերքին։
8Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից այս ու այն կողմ հեռացան, և նրանք երկուսով անցան ցամաքած տեղով։
9Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսեեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տերն ինձ քո մոտից չի վերացրել»։ Եղիսեեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրա լինի»։
10Եղիան ասաց. «Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ՝ թող չլինի»։
11Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
12Եղիսեեն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայելի կառքը և նրա հեծյալը»։ Եվ այլևս չտեսավ նրան։ Եղիսեեն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կես արեց։
13Նա ձեռքն առավ Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա։ Եղիսեեն վերադարձավ, գնաց կանգնեց Հորդանան գետի եզերքին,
14վերցրեց Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա, խփեց ջրերին՝ ասելով. «Տե՛ր, Եղիայի Աստված, հիմա որտե՞ղ ես»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և Եղիսեեն անցավ։
15Երբ Երիքովի մարգարեների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսեեի վրա»։ Նրանք եկան դիմավորեցին, երկրպագեցին նրան
16ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ հիսուն զորեղ մարդիկ կան, թող գնան ու փնտրեն քո տիրոջը, գուցե Տիրոջ հոգին նրան վերցրել ու նետել է Հորդանան գետի եզերքը կամ մի լեռան և կամ մի բլրի վրա»։ Եղիսեեն ասաց. «Մի՛ ուղարկեք»։
17Սակայն նրանք այնքան պնդեցին, որ նա ամաչեց ու ասաց. «Ուղարկե՛ք»։ Հիսուն հոգու ուղարկեցին, որոնք երեք օր փնտրեցին ու չգտան նրան։
18Վերադարձան նրա մոտ, իսկ նա Երիքովում էր։ Նա ասաց նրանց. «Չէ՞ որ ասացի՝ “Մի՛ գնացեք”»։
19Քաղաքի մարդիկ ասացին Եղիսեեին. «Մեր քաղաքում բնակվելը լավ է, ինչպես որ տեսնում ես, տե՛ր իմ, բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»։
20Եղիսեեն ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք ու այդտե՛ղ դրեք»։ Բերեցին նրա ուզածը,
21Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։
22Այդ ջրերը մաքուր դարձան, ու այդպես է մինչև այսօր, ինչպես որ ասել էր Եղիսեեն։
23Նա այնտեղից բարձրացավ Բեթել և մինչ իր ճանապարհն էր գնում, քաղաքից դուրս եկան փոքրիկ երեխաներ ու ծաղրելով նրան՝ ասում էին. «Բարձրացի՛ր, ճաղա՛տ, բարձրացի՛ր, ճաղա՛տ»։
24Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։
25Եղիսեեն այնտեղից գնաց Կարմելոս լեռը և այնտեղից վերադարձավ Սամարիա։