2 Chronicles 34NEA

1Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։

2Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև. գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով՝ չխոտորվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։

3Իր թագավորության ութերորդ տարում, երբ Հովսիան տակավին երիտասարդ էր, սկսեց փնտրել Տիրոջը՝ իր նախնի Դավթի Աստծուն, իսկ իր թագավորության տասներկուերորդ տարում սկսեց Հուդան ու Երուսաղեմը մաքրել պաշտամունքի բարձունքներից, պաշտամունքային փայտե սյուներից ու ձուլածո կուռքերից։

4Իր ներկայությամբ կործանել տվեց Բահաղի կուռքերի զոհասեղանները և սրանց վերևի մասում գտնվող բարձրադիր պաշտամունքի տեղերը։ Նա ջարդեց պաշտամունքային փայտե սյուները, քանդակված ու ձուլածո կուռքերը, փշրեց, փոշիացրեց դրանք և շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրա։

5Նա զոհասեղանների վրա այրեց քրմերի ոսկորները և մաքրեց Հուդայի երկիրն ու Երուսաղեմը։

6Եփրեմի, Մանասեի, Շմավոնի և Նեփթաղիմի քաղաքներում ու դրանց շրջակա վայրերում

7ևս վերացրեց պաշտամունքային փայտե սյուները, մանր փշրեց բագիններն ու կուռքերը, Իսրայելի ամբողջ երկրից վերացրեց բոլոր պաշտամունքի բարձունքները և վերադարձավ Երուսաղեմ։

8Իր թագավորության տասնութերորդ տարում, երբ վերջացրել էր երկիրն ու թագավորական տունը մաքրելը, Սելիի որդի Սափանին, քաղաքի իշխան Մասիային ու Հովաքազի որդի Հովսիային՝ իր դիվանապետին, ուղարկեց, որ նորոգեն Տիրոջ՝ իր Աստծու տունը։

9Սրանք եկան մեծ քահանա Քեղկիայի մոտ, և նա տվեց Տիրոջ տուն բերված արծաթ դրամը, որը ղևտացի դռանապանները հավաքել էին Մանասեի, Եփրեմի երկրներից, իշխաններից և Իսրայելի մնացած բոլոր վայրերից, Հուդայի, Բենիամինի երկրների և Երուսաղեմի բնակիչներից։

10Նրանք այն տվեցին Տիրոջ տանը գտնվող գործավորներին՝ այն նորոգելու և ամրացնելու համար։

11Նրանք արծաթը տվեցին հյուսներին և շինարարներին, որ քառանկյուն խոշոր քարեր ու գերանների համար փայտ գնեն, որպեսզի ծածկեն այն շենքերը, որ Հուդայի թագավորներն էին քանդել։

12Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը։ Նրանց հսկելու համար վերակացուներ էին կարգված Մերարիի որդիներից ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթի որդիներից Զաքարիան ու Մեսոլամը։ Մյուս բոլոր ղևտացիները, որոնք բոլորն էլ նվագարանների հմուտ նվագողներ էին,

13վերակացու էին բեռնակիրների ու ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից ոմանք էլ քարտուղարներ, դատավորներ ու դռների պահապաններ էին։

14Երբ դուրս էին հանում Տիրոջ տուն բերված արծաթը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով գրված Տիրոջ օրենքի գիրքը։

15Քեղկիան Սափան քարտուղարին ասաց. «Օրենքի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին։

16Սափանն այդ գիրքը բերեց արքային, ինչպես նաև զեկուցեց. «Տրված ամբողջ արծաթը գտնվում է քո ծառաների՝ գործավորների ձեռքում։

17Հավաքեցին Տիրոջ տանը գտնված արծաթը և այն տվեցին վերակացուներին ու գործավորներին»։

18Սափան քարտուղարը պատմեց արքային՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ Օրենքի մի գիրք տվեց»։ Սափանն այն ընթերցեց թագավորի առջև։

19Երբ արքան լսեց Օրենքի գրքի խոսքերը, պատառոտեց իր պատմուճանը։

20Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.

21«Գնացե՛ք և այդ գտնված գրքում գրվածի վերաբերյալ Տիրոջը հարցրե՛ք ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլորի համար, քանզի Տիրոջ սաստիկ բարկությունը բորբոքված է մեզ վրա, որովհետև մեր նախնիները չանսացին Տիրոջ խոսքերին՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է այս գրքի մեջ»։

22Քեղկիան և նրանք, որոնց արքան ուղարկել էր, գնացին Օղդան մարգարեուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մոտ, որը պահում էր պատվիրանները [𝕸 և Ο΄ հանդերձները ]։ Նա ապրում էր Երուսաղեմի Մասենա թաղամասում։ Նրան պատմեցին այդ խոսքերը։

23Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել,

24թե այսպես է ասում Տերը. “Ահա ես այդ տեղի վրա չարիք պիտի բերեմ, այն ամենը, ինչ գրված է Հուդայի արքայի առջև ընթերցված այդ գրքում։

25Քանի որ ինձ լքելով զոհեր մատուցեցին օտար աստվածների, որպեսզի ինձ բարկացնեն իրենց ձեռքի գործերով, իմ բորբոքված բարկությունն է իջնելու այդ տեղի վրա և չի մարելու”։

26Իսկ Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քո լսած խոսքերը

27պատկառանքով լցրեցին քո սիրտը, և դու խոնարհվեցիր իմ առջև, երբ լսեցիր այդ տեղի ու նրա բնակիչների դեմ ասված իմ խոսքերը։ Դու խոնարհվեցիր իմ առջև, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, և ես լսեցի,- ասում է Տերը։

28Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։

29Արքան մարդ ուղարկեց ու հավաքեց Հուդայի և Երուսաղեմի ծերերին։

30Հուդայի արքան և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու ղևտացիները և ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, եկան Տիրոջ տունը, և արքան նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տանը գտնված ուխտի բոլոր խոսքերը։

31Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։

32Նա հորդորեց Երուսաղեմում ու Բենիամինի երկրում գտնվող բոլոր մարդկանց, և Երուսաղեմի բնակիչները ուխտ արեցին իրենց հայրերի Աստծու տանը։

33Հովսիան իսրայելացիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Երուսաղեմում ու Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց համոզեց ծառայել Տիրոջը՝ իրենց Աստծուն։ Իր բոլոր օրերին նա չխոտորվեց Տիրոջ՝ իր նախնիների Աստծու ուղուց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 34.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.