2 Chronicles 35NEA

1Հովսիան կատարեց Տիրոջ՝ իր Աստծու զատիկը. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։

2Նա քահանաներին կարգեց իրենց պաշտոնի վրա և հորդորեց նրանց՝ կատարելու Տիրոջ տան սպասավորությունը։

3Նա ասաց ղևտացիներին՝ ամբողջ Իսրայելի վերակացուներին, որ պետք է իրենց նվիրեն Տիրոջը և սուրբ տապանակը դնեն այն տանը, որը շինել էր Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպետք է կրեք ձեր ուսերի վրա։ Արդ, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և նրա ժողովրդին՝ իսրայելացիներին։

4Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր առօրյա պաշտամունքի, ըստ Իսրայելի արքա Դավթի և նրա որդի Սողոմոն թագավորի գրածի։

5Տաճարում կանգնե՛ք ըստ ձեր եղբայրների՝ ձեր ժողովրդի որդիների ազգատոհմերի բաժանումների և ղևտացիների ազգատոհմի բաժանումի համեմատ։

6Մորթե՛ք զատկի գառը և պատրաստե՛ք սրբությունները ձեր եղբայրների համար՝ գործելով ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ խոսքի»։

7Եվ Հովսիան սկսեց ժողովրդի որդիներին և ամենքին, որ այնտեղ էին գտնվում, խոյեր, գառներ և մատաղ այծերի նոխազներ տալ՝ բոլորն էլ զատկի համար։ Այդ բոլորը թվով երեսուն հազար էին. նաև երեք հազար զվարակ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։

8Նրա իշխանները նույնպես սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղևտացիներին։ Քեղկիան, Զաքարիան և Հեիելը՝ Աստծու տան առաջնորդները, զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր խոյ, գառ, նոխազ և երեք հարյուր զվարակ։

9Քոնենիան, Բանեան, Սամեան և նրա եղբայր Նաթանայելը, Ասաբիան, Հեիելը և Հովզաբադը՝ ղևտացիների իշխանները, զատկի համար ղևտացիներին տվեցին հինգ հազար խոյ և հինգ հարյուր զվարակ։

10Պաշտամունքը կազմակերպվեց. քահանաները կանգնեցին իրենց տեղերում, իսկ ղևտացիները՝ իրենց դասերում՝ ըստ արքայի հրամանի։

11Ղևտացիները մորթում և մաշկում էին զատկի գառը, իսկ քահանաները ցողում էին նրանց ձեռքից ստացած արյունը։

12Պատրաստեցին ողջակեզները, որ դրանք տան ժողովրդի որդիներից յուրաքանչյուրին ըստ ազգատոհմերի բաժանումների, որպեսզի մատուցեն Տիրոջը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։ Այսպես արեցին մինչև առավոտ։

13Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։

14Հետո զատիկ պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչև գիշեր զբաղված էին ճարպերն ու ողջակեզները մատուցելով։ Այդպիսով ղևտացիները զատիկը պատրաստեցին իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։

15Ասափի սաղմոսերգու որդիները, ըստ Դավթի և նրա տեսանողներ Ասափի, Եմանի և Իդիթունի հաստատած կարգի, կանգնած էին իրենց տեղերում։ Դռնապաններն էլ կանգնած էին յուրաքանչյուր դռան առջև. նրանք չպետք է ընդհատեին սրբությունների սպասավորությունը, քանի որ նրանց եղբայրները՝ ղևտացիները, նրանց համար էլ էին զատիկը պատրաստել։

16Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատրաստվեց ու կատարվեց, որպեսզի, ըստ Հովսիա արքայի հրամանի, տոնեն Զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրա։

17Զատիկից հետո այնտեղ գտնվող իսրայելացիները յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը։

18Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման Զատիկ երբեք չէր եղել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի Զատիկ չէին արել, ինչպես արեց Հովսիան. քահանաներն ու ղևտացիները, ամբողջ Հուդան ու այնտեղ գտնվող Իսրայելը և Երուսաղեմի բնակիչները։

19Տիրոջ տոնը կատարեցին Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։ Հովսիա արքան Հուդայի երկրում և Երուսաղեմում գտնվող վհուկներին, գուշակներին, մոգերին, կախարդներին և կուռքերին վերացրեց ու հրով այրեց, որպեսզի հաստատի Օրենքի այն խոսքերը, որ գրված էին Քեղկիա քահանայի՝ Տիրոջ տանը գտած գրքում։ Հովսիայի նմանը չէր եղել նրանից առաջ, որ ըստ Մովսեսի բոլոր օրենքների՝ իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով և իր ամբողջ զորությամբ դառնար դեպի Տերը՝ Աստված։ Նրանից հետո էլ նրա նմանը չհայտնվեց։ Սակայն Տերը չհանդարտվեց իր խիստ մեծ բարկությունից, որով բարկացել էր Հուդայի վրա Մանասեի բորբոքած բարկության պատճառով։ Տերն ասաց. «Ես Հուդան էլ եմ մերժելու իմ ներկայությունից, ինչպես մերժել եմ Իսրայելը, և վանելու եմ Երուսաղեմը՝ այն քաղաքը, որ ընտրել էի, և այն տունը, որի համար ասել էի. “Իմ անունը պետք է այնտեղ լինի”»։

20Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը հարձակվեց Ասորեստանի արքայի վրա Եփրատ գետի ուղղությամբ։ Հովսիա արքան գնաց նրա դեմ,

21իսկ սա պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամություն ունենք ես ու դու, Հուդայի՛ արքա, այսօր քո դեմ պատերազմելու չեմ եկել։ Աստված ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցե նա քեզ կործանի»։

22Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։

23Աղեղնավորները հարվածեցին Հովսիային, և արքան ասաց իր ծառաներին. «Ինձ այստեղից դո՛ւրս հանեք, որովհետև ծանր վիրավորվել եմ»։

24Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ ու տարան Երուսաղեմ։ Նա մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։

25Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։

26Հովսիայի գործերն ու նրա հավատարմությունը Տիրոջ օրենքում գրվածի համաձայն էին։

27Նրա մնացած գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 35.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.