1Դավիթն ասաց. «Այս է Տիրոջ՝ Աստծու տունը, և այս է ողջակեզների զոհասեղանը Իսրայելի համար»։
2Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող բոլոր եկվորներին և նրանց քարհատներ նշանակեց, որ քարեր հատեն ու շինեն Աստծու տունը։
3Դավիթը շատ երկաթ հավաքեց դռների ու դարպասների բևեռների և ծխնիների համար, ինչպես նաև չափազանց շատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ,
4մայրի փայտեր, որոնց թիվ ու սահման չկար, քանի որ սիդովնացիներն ու տյուրոսցիները առատորեն մայրի փայտ էին բերում Դավթին։
5Դավիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ և հռչակավոր, ամբողջ աշխարհում փառավոր. շինանյութ պիտի պատրաստեմ դրա համար»։ Դավիթն իր մահվանից առաջ մեծ պատրաստություն տեսավ։
6Նա կանչեց իր որդի Սողոմոնին և պատվիրեց նրան Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինել։
7Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտքումս կար Տիրոջ՝ Աստծու անունով տուն շինել,
8բայց Աստծու խոսքն ինձ հասավ, թե՝ “Շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անվան տուն չես շինելու, քանի որ շատ արյուն ես թափել երկրի վրա իմ առաջ։
9Ահա դու մի որդի կունենաս, որը հանգիստ մարդ կլինի։ Ես նրան հանգստություն եմ տալու շրջակա բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կլինի, և ես խաղաղություն ու հանգստություն եմ տալու Իսրայելին նրա օրերում։
10Նա է իմ անունով տուն կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, և նրա թագավորության աթոռը Երուսաղեմում հաստատելու եմ հավիտյան”։
11Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։
12Թող Տերը քեզ հանճար և իմաստնություն տա ու զորացնի քեզ Իսրայելի վրա, որ պահպանես ու գործադրես Տիրոջ՝ քո Աստծու օրենքները։
13Դու հաջողություն կունենաս, եթե պահպանես այն պատվիրաններն ու օրենքները, որ Տերը Մովսեսին պատգամել էր Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր ու հզորացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։
14Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
15բայց դո՛ւ էլ ավելացրու եղածներին։ Քեզ հետ ունես նաև բազմաթիվ գործավորներ՝ արհեստավորներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն տեսակ գործի մեջ հմուտ մարդիկ։
16Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
17Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին պատվիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով.
18«Չէ՞ որ Տերը ձեզ հետ է և ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, և այս երկիրը հնազանդվել է Տիրոջն ու նրա ժողովրդին։
19Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։