1Սատանան կանգնեց Իսրայելի դեմ ու դրդեց Դավթին մարդահամարի ենթարկելու Իսրայելը։
2Դավիթն ասաց Հովաբին և իր զորքի հրամանատարներին. «Գնացեք հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելին Բերսաբեեից մինչև Դան և տվյալնե՛ր բերեք ինձ, որ գիտենամ նրանց թիվը»։
3Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ բոլորը ծառայում են իմ տիրոջը։ Ինչո՞ւ է իմ տերն այս բանը պահանջում, ինչո՞ւ Իսրայելը մեղքի մեջ ընկնի»։
4Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Հովաբին, նա ելավ, անցավ Իսրայելի բոլոր շրջաններով ու եկավ Երուսաղեմ։
5Հովաբը Իսրայելի ժողովրդի մարդահամարի տվյալները հանձնեց Դավթին։ Ամբողջ Իսրայելում սուր գործածելու ունակ մեկ միլիոն հարյուր հազար մարդ կար, իսկ Հուդայում՝ չորս հարյուր հիսուն հազար մարդ։
6Ղևիի ու Բենիամինի ցեղերին նրանց մեջ չհաշվառեց, քանի որ արքայի հրամանը տհաճ էր Հովաբի համար։
7Այս ամբողջ կատարվածը չար երևաց Տիրոջ աչքին, և նա հարվածեց Իսրայելին։
8Դավիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի՝ այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ հիմարացա»։
9Տերը, խոսելով Դավթի տեսանող Գադի հետ, ասաց.
10«Գնա՛, խոսի՛ր Դավթի հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Երեք բան եմ դնում քո առջև, դրանցից մեկն ընտրի՛ր, և այն քեզ կանեմ”»։
11Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Ընտրությո՛ւն կատարիր.
12կա՛մ երեք տարի սով կլինի, կա՛մ երեք ամիս հալածական կլինես քո թշնամիներից, և քո թշնամիների սուրը քեզ կսպանի, և կա՛մ երեք օր Տիրոջ սուրը մահ կսփռի քո երկրում, ու Տիրոջ հրեշտակը կոտորած կանի Իսրայելի ամբողջ տարածքում։ Արդ, տե՛ս, թե ես ի՛նչ պատասխան եմ տալու նրան, որ ինձ ուղարկել է”»։
13Դավիթն ասաց Գադին. «Այս երեքն էլ ինձ համար չափազանց դժվար են, բայց ավելի լավ է ես Տիրոջ ձեռքն ընկնեմ, որովհետև շատ մեծ է նրա ողորմածությունը, քան ընկնեմ մարդկանց ձեռքը»։
14Տերը մահ սփռեց Իսրայելում, և իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։
15Աստված հրեշտակին առաքեց Երուսաղեմ, որ ոչնչացնի այն։ Հազիվ էր նա սկսել կոտորածը, որ Տերը տեսավ ու զղջաց չարիքի համար։ Նա ասաց ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, հե՛տ քաշիր ձեռքդ»։ Այդ պահին Տիրոջ հրեշտակը գտնվում էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։
16Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։
17Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար անել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հոտն ի՞նչ է արել։ Տե՛ր, Աստված, թող քո ձեռքն իմ և իմ հոր տան դեմ լինի և ոչ թե քո ժողովրդի դեմ՝ կոտորելու նրան, Տե՜ր»։
18Տիրոջ հրեշտակն ասաց Գադ մարգարեին. «Ասա՛ Դավթին, որ ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։
19Եվ Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, որ ասել էր Տիրոջ անունով։
20Ոռնան շրջվեց և տեսավ արքային. նա և նրա չորս որդիները, որ նրա հետ էին, թաքնվեցին։ Այդ ժամանակ Ոռնան կալում ցորեն էր կալսում։
21Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան կալից դուրս ելավ ու երեսնիվայր գետնին ընկավ և երկրպագեց Դավթին։
22Դավիթն ասաց Ոռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի։ Ինչքան արծաթ արժե, այդքանով դա տո՛ւր ինձ»։
23Ոռնան ասաց Դավթին. «Քե՛զ վերցրու այն, և իմ արքան թող անի այն, ինչ իրեն հաճելի է թվում։ Ահա իմ եզներն էլ տալիս եմ ողջակեզի համար, սայլերը՝ կրակի փայտի և ցորենը՝ անարյուն զոհաբերության համար։ Ամեն ինչ տալիս եմ քեզ»։
24Դավիթ արքան ասաց Ոռնային. «Այդպես չէ. պետք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժե։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է, որպեսզի Տիրոջը ձրի ողջակեզ մատուցեմ»։
25Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ արծաթ տվեց Ոռնային։
26Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։
27Տերն ասաց հրեշտակին. «Քո սուրը պատյա՛նը դիր»։
28Երբ Դավիթը տեսավ, որ Տերը լսեց ու պատասխանեց նրան հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց.
29Տիրոջ խորանը, որ Մովսեսը պատրաստել էր անապատում, և ողջակեզների զոհասեղանը այն ժամանակ գտնվում էին Գաբավոնի Բամայում,
30և Դավիթը չէր կարող գնալ նրա առաջ Աստծուն հարցում անելու համար, որովհետև վախենում էր Տիրոջ հրեշտակի սրից։