1 Chronicles 23NEA

1Դավիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարեն Իսրայելի վրա թագավորեց իր որդի Սողոմոնը։

2Դավիթը հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին, քահանաներին և ղևտացիներին։

3Հաշվառման ենթարկվեցին երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղևտացիները, և նրանց թիվը եղավ երեսունութ հազար։

4Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,

5չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։

6Դավիթը նրանց ամենօրյա պաշտամունքի խմբերի բաժանեց՝ ըստ Ղևիի որդիների՝ Գեթսոնի, Կահաթի ու Մերարիի։

7Գեթսոնի որդիներն էին Ելեադանն ու Սեմեին։

8Ելեադանի որդիներն էին իշխան Եթոմն ու Հովելը։

9Սեմեիի որդիներն էին Սալովմիթը, Ազիելն ու Արանը՝ երեք հոգի։ Սրանք Ելեադանի տոհմերի իշխաններ էին։

10Սեմեիի որդիներն էին նաև Հեթը, Զիզան, Հովասն ու Բերիան։ Սրանք Սեմեիի որդիներն էին՝ չորս հոգի։

11Հեթը գլխավորն էր, իսկ Զիզան՝ երկրորդը։ Հովասն ու Բերիան շատ որդիներ չունեցան և մարդահամարի մեջ գրանցվեցին որպես մեկ տոհմ։

12Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը՝ չորս հոգի։

13Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Ահարոնն առանձնացվեց, որպեսզի ինքը և իր որդիները հավիտյան Սրբություն սրբոցում Տիրոջ առջև խունկ ծխեն, պաշտամունք մատուցեն նրան և նրա անունով աղոթեն մշտապես։

14Իսկ Մովսեսը՝ Աստծու մարդը, և նրա որդիները հաշվառվեցին Ղևիի ցեղի մեջ։

15Մովսեսի որդիներն էին Գերսամն ու Եղիազարը։

16Գերսամի որդին էր իշխան Սուբայելը։

17Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան։ Եղիազարն ուրիշ որդի չունեցավ, բայց Ռաբիան շատ որդիներ ունեցավ։

18Իսահառի որդիներն էին իշխաններ Սավուղն ու Մովեն։

19Քեբրոնի որդիներն էին Հերիան՝ գլխավորը, Ամարիան՝ երկրորդը, Ոզիելը՝ երրորդը, և Հեկեմիան՝ չորրորդը։

20Ոզիելի որդիներն էին Միքիան՝ գլխավորը, և Հեսիան՝ երկրորդը։

21Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։

22Եղիազարը մեռավ՝ չունենալով որդիներ։ Նա միայն դուստրեր ուներ, որոնց հետ ամուսնացան Կիսի որդիները՝ նրանց զարմիկները։

23Մուսիի որդիներն էին Մողին, Եդերն ու Արիմովթը՝ երեք հոգի։

24Սրանք են Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի, իրենց տոհմերի իշխանները՝ համաձայն իրենց մարդահամարի, անունների թվի և անձերի, որոնք սպասավորության գործն էին կատարում Տիրոջ տանը։

25Դավիթն ասել էր, որ Տերը՝ Աստված, հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին և բնակեցրել Իսրայելում հավիտյան։

26Ուստի ղևտացիները այլևս չէին կրելու խորանն ու սպասավորության նրա բոլոր անոթները։

27Դավթի վերջին հրամաններից էր Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիների հաշվառումը։

28Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,

29առաջավորության հացի, անարյուն զոհաբերության նաշիհի, անթթխմոր բլիթների, տապակում եփվածի, յուղով հունցվածի և չափերի ու քանակների մասին։

30Նաև ամեն առավոտ վեր կենալով օրհնեն ու փառավորեն Տիրոջը և նույն բանը կատարեն երեկոյան։

31Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզները, ըստ նշված քանակի ու իրենց տրված հրամանի՝ մշտապես լինելով Տիրոջ առջև։

32Նրանք պետք է պահպանեին Վկայության խորանը և օգնեին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասավորություն անելիս։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.