1 Chronicles 13NEA

1Դավիթը խորհրդակցեց հազարապետների ու հարյուրապետների և բոլոր իշխանների հետ։

2Դավիթն ասաց հավաքված բոլոր իսրայելացիներին. «Եթե ձեզ բարի է թվում, և Տերը՝ մեր Աստված էլ հաջողություն է պարգևել, մարդ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրների, ինչպես նաև իրենց քաղաքներում ու կալվածքներում ապրող քահանաների ու ղևտացիների մոտ, որպեսզի մեզ մոտ ժողովվեն,

3և մեր Աստծու տապանակը մեզ մոտ բերենք, քանի որ Սավուղի ժամանակներից ի վեր դրանով չզբաղվեցին»։

4Բոլոր հավաքվածները համաձայնվեցին այդպես անել, որովհետև ողջ ժողովուրդն այս խոսքերը ճիշտ համարեց։

5Դավիթը հավաքեց բոլոր իսրայելացիներին՝ Եգիպտոսի սահմաններից սկսած մինչև Եմաթ, որպեսզի Աստծու տապանակը տանեն Կարիաթ-Յարիմից։

6Դավիթը հանել տվեց այն, և ամբողջ Իսրայելը բարձրացավ Հուդայում գտնվող Դավթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տիրոջը՝ Աստծուն նվիրված տապանակը. Նրա աթոռը տապանակի վրայի քերովբեների վրա է։

7Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերված մի նոր սայլի վրա, և Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը։

8Դավիթն ու բոլոր իսրայելացիները եռանդագին պարում էին Աստծու առջև՝ սաղմոսներ երգելով, տավիղներով, քնարներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։

9Նրանք եկան մինչև Քելովնի կալը, և Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզը տեղից շարժել էր այն։

10Տերը խիստ զայրացավ Օզայի վրա ու այնտեղ սպանեց նրան, որովհետև համարձակվել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռավ Աստծու առաջ։

11Դավիթը տրտմեց, քանզի Տերը պատուհասով հարվածել էր Օզային։ Այդ վայրը մինչև այսօր կոչվում է Օզայի հարված։

12Այդ օրը Դավիթը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակն ինձ մոտ տանեմ»։

13Եվ Դավիթը տապանակը չփոխադրեց իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ քետացի Աբեդդարի տունը։

14Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, և Աստված օրհնեց Աբեդդարին և այն ամենը, ինչ նա ուներ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.