1Ողջ Իսրայելը, Դավթի մոտ՝ Քեբրոն գալով, ասացին. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։
2Անցյալում, մինչ Սավուղն արքա էր, դու էիր հովվություն անում Իսրայելին։ Եվ Տերը՝ քո Աստվածը, քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելի իմ ժողովրդին, դու պիտի լինես Իսրայելի առաջնորդը”»։
3Իսրայելի բոլոր ծերերը եկան արքայի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթ արքան Տիրոջ առջև Քեբրոնում նրանց հետ ուխտ դրեց։ Նրանք Դավթին Իսրայելի թագավոր օծեցին՝ ըստ Տիրոջ այն խոսքերի, որ նա Սամուելի միջոցով ասել էր։
4Արքան ու նրա մարդիկ գնացին Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ հեբուսացիներն էին՝ այդ երկրի բնակիչները։
5Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Իսկ նա գրավեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դավթի քաղաքը։
6Դավիթն ասաց. «Ով առաջինը հարվածի հեբուսացիներին, նա էլ իշխան ու զորավար կլինի»։ Սարուիայի որդի Հովաբն առաջինը ելավ նրանց դեմ ու դարձավ իշխան։
7Դավիթը նստեց ամրոցում, այդ պատճառով այն կոչեց Դավթի քաղաք։
8Նա շուրջանակի շինեց քաղաքը, որ պատերազմելով էր գրավել։
9Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Ամենակալ Տերը նրա հետ էր։
10Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։
11Ահա Դավթի հզոր մարդկանց թիվը. Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զորավարներից առաջինը։ Մի անգամ նա իր սուրը բարձրացրեց երեք հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։
12Նրանից հետո գալիս է աքուքացի Դովդայի որդի Եղիազարը։ Նա երեք հզորներից էր
13և Փասասոդոմում Դավթի հետ էր։ Այլազգիներն այստեղ հավաքվեցին պատերազմի։ Դաշտի մի մաս լի էր գարիով. ժողովուրդը փախավ այլազգիների առջևից։
14Նա կանգնեց և պաշտպանեց դաշտի գարիով մասը։ Նրանք հարվածեցին այլազգիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։
15Երեսուն իշխաններից երեքն իջան Դավթի մոտ, Ոդողոմի քարայրի մոտերքում գտնվող ժայռի մոտ, իսկ այլազգիները բանակ դրեցին Հսկաների հովտում։
16Դավիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զորքը՝ Բեթղեհեմում։
17Դավիթը ցանկություն հայտնեց ու ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կբերեր Բեթղեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։
18Եվ այդ երեք զորավարները, այլազգիների բանակը ճեղքելով, ջուր հանեցին դարպասի մոտ գտնվող Բեթղեհեմի ջրհորից և բերեցին Դավթին, բայց Դավիթը չուզեց խմել այն. նա այն Տիրոջը նվիրեց՝ ասելով.
19«Աստված մի՛ արասցե, որ այդ բանն անեմ. դա պիտի նշանակեր խմել այդ մարդկանց արյունը, քանի որ իրենց կյանքի գնով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արեցին այդ երեք զորավարները։
20Հովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխավորն էր։ Նա սուր բարձրացրեց վեց հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։
21Նա անվանի էր երեսունի մեջ, ավելի նշանավոր էր, քան մյուսները։ Նրանց գլխավորն էր, սակայն այն երեքին չէր հասնում։
22Հովիդայեի որդի Բանեասը հզոր մարդու որդի էր։ Նա բազում գործեր արեց Կասբեելում։ Նա սպանեց Արիել Բանիայի երկու որդիներին։ Նա էր նաև, որ մի ձյունոտ օր իջավ և փոսի մեջ սպանեց առյուծին։
23Նա սպանեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահա եգիպտացի մարդու, որ զինված էր ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գավազանով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և նրա նիզակով էլ սպանեց նրան։
24Այս բանն արեց Հովիդայեի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզոր մարդկանց մեջ էր։
25Նա երեսունի մեջ ավելի նշանավոր էր, սակայն այն երեքին չէր հասնում։ Դավիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց։
26Սրանք էին զորքի հզոր մարդիկ՝ Հովաբի եղբայր Ասայելը, բեթղեհեմացի Դովդայի որդի Եղեանան,
27արորացի Սամովթը, փաղովնացի Աքիգեղեսը,
28թեկուացու որդի Օվրեն, անաթովթացի Աբիեզերը,
29ասովթացի Սոբաքը, աքովնացի Եղին,
30նետոփաթացի Մովարեն, նետոփաթացի Բաանի որդի Եղեադը,
31Բենիամինի բլրից Հռեփայի որդի Եթային, փարաթոնացի Բանեասը,
32Նեքեղ Գաասից՝ Ուրին, սարափթացի Աբիելը,
33բարսամացի Ազամովթը, սաղաբոնացի Եղիաբան,
34գոթնացի Ասամի որդին, արարացի Մադեի որդի Հովնաթանը,
35արարացի Աքարի որդի Աքիաբը, Ուրի որդի Եղիբաաղը,
36քուրաթացի Փերովմեն, փելոնացի Աքիան,
37կարմելացի Ասարան, Ասբիայի որդի Նոարեն,
38Նաթանի եղբայր Հովելը, Ագարի որդի Մաբարը,
39ամովնացի Սեղեկովը, բերովթացի Նաարը՝ Սարուիայի որդի Հովաբի կապարճակիրը,
40ուրեթացի Իրասը, հեթերացի Գաբերը,
41քետացի Ուրիասը, Սեղքայի որդի Սոողի որդի Զաբադը,
42որը Ռուբենի ցեղից էր՝ երեսուն իշխանների գլխավորը,
43Մաաքայի որդի Անանը, մատթանացի Հովսափատը,
44աստարովթացի Ոզիաս, քովթանացու որդիներ Սամաան և Հևեղը, որոնք արարացիներ էին,
45Սամարիի որդի Հեդիելն ու նրա եղբայր Հովազան, որոնք աթովսացիներ էին,
46մաովնացի Հեղիելը, Այիրաբն ու նրա որդին՝ Հովսեն, որոնք եղնամացիներ էին, մովաբացի Հեթեման, Աղիելը, Ովբեդը և Հասիելը, որոնք մովսաթացիներ էին։