Psalms 93AE1994

1Աստուած՝ վրէժխնդի՛ր Տէր, Աստուա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր։

2Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտաւաններին։

3Մինչեւ ե՞րբ մեղաւորները, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան,

4յոխորտալով անիրաւութիւն բարբառեն, բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։

5Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին,եւ քո ժառանգութիւնը չարչարեցին։

6Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին.

7«Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»։

8Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք։

9Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի։

10Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը միթէ չի՞ յանդիմանի։

11Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են։

12Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր, եւ օրէնքներդ նրան սովորեցնում։

13Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին, մինչեւ որ մեղաւորի համար խոր փոս փորուի։

14Տէրը չի մերժի իր ժողովրդին, եւ իր ժառանգութիւնը չի անտեսի,

15մինչեւ որ դատաստանն արդար դառնայ, եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն։

16Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դէմ, կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանի ընդդէմ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։

17Եթէ Տէրն ինձ չաջակցէր, մի փոքր եւս՝ եւ հոգիս կը բնակուէր դժոխքում։

18Երբ ասում էի, թէ՝ ահա ոտքերս սասանուեցին, քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ։

19Սրտիս ցաւերի բազմանալու ժամինքո մխիթարութիւնը հրճուեցնում էր իմ հոգին։

20Թող չհաւասարուի քեզ աթոռն անօրէնութեան, որ վնաս է պատճառում օրէնքին։

21Արդարի հոգին որսացին, եւ անմեղի արիւնն էին դատապարտում։

22Տէրն եղաւ իմ ապաւէնը, իմ յոյսի օգնական Աստուածը։

23Տէրը նրանց պիտի հատուցի իրենց անօրէնութեան համեմատ, իրենց չարութեան համեմատ պիտի կործանի նրանց Տէր Աստուածը մեր։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 93.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.