1Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին. սաղմոս Ասափի
2Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, իմ ձայնով դիմեցի Աստծուն, եւ նա նայեց ինձ։
3Նեղութեանս օրերին Աստծուն փնտռեցի՝ ձեռքերս գիշերով պարզած նրա առջեւ, եւ չխաբուեցի։
4Հոգիս չէր ուզում մխիթարուել։ Յիշեցի Աստծուն եւ ուրախացայ,իսկ երբ հառաչում էի,նուաղում էր հոգիս իմ մէջ։Հանգիստ։
5Աչքերն իմ բաց մնացին գիշերուայ պահին, խռովուեցի ու չխօսեցի։
6Խորհեցի հին օրերի մասին, եւ վաղնջական տարիները յիշեցի։
7Գիշերը սրտիս հետ խօսեցի, հառաչելիս տառապում էր հոգիս իմ մէջ։
8Միթէ յաւէտ մերժելո՞ւ է Տէրն ինձ, եւ այլեւս չի՞ շարունակելու բարեհաճ լինել։
9Կամ ընդմի՞շտ զրկելու է ինձ իր ողորմութիւնից, եւ դադարեցնելո՞ւ է խօսքն իր սերնդից սերունդ։
10Կամ այլեւս մոռանալո՞ւ է Աստուած գթալ ինձ, եւ բարկութեամբ մերժելո՞ւ է գթութիւնն իր։Հանգիստ։
11Ասացի. «Այժմ հասկացայ. սա է նորացած աջը Բարձրեալի»։
12Յիշեցի գործերը Տիրոջ, սկզբից յիշեցի սքանչելագործութիւնները նրա։
13Մտաբերեցի գործերը քո բոլոր, եւ քո ձեռակերտների մասին խորհեցի։
14Աստուա՛ծ, քո ճանապարհները սրբութեան մէջ են. ո՞ր աստուածն է մեծ՝ մեր Աստծու նման։
15Դու ես հրաշագործ Աստուածը. զօրութիւնդ ցոյց տուիր քո ժողովրդին։
16Բազկովդ փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդիներին։Հանգիստ։
17Քեզ տեսան ջրերն, Աստուա՛ծ, տեսան քեզ ջրերն ու սոսկացին, եւ անդունդները խռովուեցին յորդառատ ջրերի ձայնից։
18Ամպերը ձայն տուին, ուստի եւ քո նետերը սլացան քո անուի որոտման ձայնից։
19Երեւացին քո փայլակները տիեզերքի, եւ երկիրը խռովուեց ու դողաց։
20Քո ճանապարհները ծովում են, շաւիղներդ՝ յորդառատ ջրերում, եւ քո հետքերը չեն երեւում։
21Քո ժողովրդին ոչխարների պէս առաջնորդեցիր Մովսէսի եւ Ահարոնի ձեռքով։