1Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2Աստուա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղօթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ։
3Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից եւ անօրէնութիւն գործողների բազմութիւնից։
4Նրանք սուսերի պէս սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին դառն գործի համար,
5որպէսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, յանկարծակի նետահարեն նրանց առանց երկիւղի։
6Նրանք զօրացան իրենց չարախօսութեամբ, մտածեցին իմ դէմ որոգայթ լարել եւ ասացին. «Տէրը դա չի տեսնի»։
7Անօրէնութիւն փնտռեցին, յոգնեցին փնտռելուց ու քննելուց։
8Թող մարդ մերձենայ իր սրտի խորութեամբ, եւ Աստուած թող բարձր լինի։
9Մանուկների նետարձակումները խոցեցին նրանց, նրանց լեզուները տկարացան, եւ բոլոր նրանց տեսնողները պիտի խռովուեն։
10Բոլոր մարդիկ վախեցան ու պատմեցին Աստծու գործերը եւ հասու եղան նրա արածներին։
11Արդարը պիտի ուրախանայ Տիրոջով՝ յոյսը դնելով նրա վրայ. սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով։