1Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի սաղմոսը
2Անօրէնն ասում է իր մտքում մեղանչելիս,թէ իր աչքերի առջեւ Աստծու վախ չկայ։
3Նա խորամանկութիւն է գործում նրա իսկ հանդէպ,որ չտեսնի իր անօրէնութիւնն ու չատի այն։
4Նրա բերանի խօսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցաւ հասկանալ բարին։
5Անօրէնութիւն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրայ, որոնք բարի չեն, եւ չարից չձանձրացաւ։
6Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը։
7Արդարութիւնդ, Աստուա՛ծ, լեռների պէս է, իրաւունքդ՝ խոր անդունդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէ՛ր։
8Որքա՜ն առատ է քո ողորմութիւնն, Աստուա՛ծ, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն։
9Նրանք պիտի յագենան քո տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից։
10Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք լոյսը տեսնում։
11Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին, եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին։
12Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի, եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ։
13Այնտեղ բոլոր անօրէնութիւն գործողները պիտի ընկնեն,մերժուեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել։