Psalms 104AE1994

1Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու նրա անո՛ւնը կանչեցէք, հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։

2Օրհնեցէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք նրան, պատմեցէ՛ք բոլոր հրաշագործութիւնները նրա։

3Պարծեցէ՛ք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտռում են Տիրոջը։

4Փնտռեցէ՛ք Տիրոջն ու հզօրացէ՛ք, փնտռեցէ՛ք նրա երեսն ամէն ժամ։

5Յիշեցէ՛ք հրաշագործութիւնները նրա, սքանչելիքներն ու բերանի պատուիրանները նրա։

6Աբրահամի՛ սերունդներ, դուք ծառաներն էք նրա, ընտրեալներն էք նրա, դուք՝ Յակոբի՛ որդիներ։

7Նա ինքը Տէր Աստուածն է մեր, եւ ողջ աշխարհում են դատաստանները նրա։

8Իր ուխտը նա յաւիտեան յիշեցեւ իր պատուիրած խօսքը՝ մինչեւ հազար տարի։

9Ուխտ, որ Աբրահամի հետ կնքեց, եւ երդումն իր՝ Իսահակի հետ։

10Յակոբի համար իր հրամանն հաստատեց,եւ Իսրայէլի համար՝ ուխտն իր յաւիտենական։

11Ասաց. «Ձեզ պիտի տամ երկիրը Քանանի՝ բաժինը ձեր ժառանգութեան»։

12Երբ սակաւ էին նրանք թուով, տկար էին եւ օտար այդ երկրում,

13դեգերում էին սերնդից սերունդ, մի թագաւորութիւնից դէպի մի այլ ժողովուրդ,

14նա թոյլ չտուեց մարդկանց, որ վնասեն նրանց, կշտամբեց թագաւորներին նրանց համար։

15«Մի՛ մօտեցէք, - ասաց, - իմ օծեալներին, եւ մարգարէներիս վնաս մի՛ հասցրէք»։

16Սովի մատնեց երկիրը նրանց, հացի ամբողջ զօրութիւնը կոտրեց։

17Նրանց առաջից մարդ ուղարկեց՝ Յովսէփին, որ վաճառուեց որպէս ստրուկ։

18Նրա ոտքերը ցաւեցրին շղթաների մէջ, եւ նրա մարմինը երկաթով պնդեցրին,

19մինչեւ որ նրա խօսքը կատարուեց,եւ Տիրոջ խօսքը փորձեց նրան։

20Թագաւորը մարդ ուղարկեց ու կապանքներից արձակեց նրան, ժողովրդի իշխանը բաց թողեց նրան,

21իր տան վրայ նրան տէր կարգեցեւ իր ողջ ունեցուածքի տնօրինող,

22որպէսզի իր ուզածի պէս խրատի նրանց իշխաններին,եւ նրանց ծերերին իմաստուն դարձնի։

23Իսրայէլը մտաւ Եգիպտոս, Յակոբը պանդխտութեան գնաց երկիրը Քամի։

24Խիստ բազմացրեց Տէրն իր ժողովրդին,եւ նրան իր թշնամիներից զօրեղ դարձրեց։

25Թշնամիների սիրտը շրջեց, որ ատեն իր ժողովրդին,եւ իր ծառաների դէմ նենգութիւն գործեն։

26Տէրն ուղարկեց իր ծառայ Մովսէսին եւ իր ընտրեալ Ահարոնին՝

27տալով նրանց իր նշանների ու սքանչելիքների խօսքը Քամի երկրում։

28Խաւար ուղարկեց ու խաւարի մէջ թողեց նրանց, քանզի դառնացրին իր խօսքը։

29Նրանց գետերն արիւն դարձրեց,եւ ոչնչացրեց բոլոր ձկները նրանց։

30Նրանց երկիրն ու նրանց թագաւորների շտեմարանները լցրեց գորտերով։

31Հրամայեց՝ եւ շնաճանճ ու մժեղ թափուեց նրանց երկրի բոլոր սահմաններում։

32Նրանց անձրեւները կարկտի վերածեց, եւ նրանց երկրում հուր բորբոքուեց։

33Հարուածեց այգիներն ու թզենիները նրանց, եւ փշրեց նրանց երկրի սահմաններում եղած ծառերը բոլոր։

34Ասաց՝ եւ եկաւ մարախ ու խառնիճ, որոնց թիւ չկար։

35Մարախը կերաւ նրանց երկրի ամբողջ խոտը, սպառեց նրանց դաշտի ամբողջ բերքը։

36Տէրը հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց ամբողջ վաստակի առաջնեկներին։

37Նրանց հանեց Եգիպտոսից ոսկով ու արծաթով, եւ նրանց ցեղի մէջ հիւանդ չկար։

38Եգիպտոսն ուրախացաւ, որ նրանք դուրս եկան, քանզի Տիրոջ ահն ընկել էր իրենց վրայ։

39Ցերեկն ամպ սփռեց նրանց ստուերելու համար, եւ գիշերն հրով լուսաւորեց նրանց։

40Նրանք խնդրեցին՝ ու լորամարգիներ իջան, եւ Տէրը երկնային հացով կշտացրեց նրանց։

41Հարուածեց ժայռին՝ ու ջրեր բխեցին, եւ գետեր հոսեցին անապատով։

42Յիշեց խօսքն իր սուրբ, որ տուել էր իր Աբրահամ ծառային։

43Հանեց իր ժողովրդին ցնծութեամբ, եւ իր ընտրեալներին՝ ուրախութեամբ։

44Նրանց տուեց գաւառներն հեթանոսների,եւ ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց նրանց,

45որ պահեն պատուիրաններն իր, ու հետեւեն իր օրէնքներին։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Psalms 104.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.