1Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տէ՛ր իմ Աստուած, անչափ մեծ ես, գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորուեցիր։
2Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու, երկինքը փռեցիր վրանի պէս,
3քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ։ Երթեւեկում է Նա ամպերի մէջ եւ շրջում հողմերի թեւերին։
4Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն, եւ կիզիչ հուրը՝ սպասաւորների։
5Երկիրն հաստատեց իր հիմերի վրայ, որ յաւիտեան չսասանուի։
6Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն։ Ջրերը կանգնած են լեռների վրայ։
7Նրանք պիտի փախչեն քո սաստից,եւ քո որոտի ձայնից պիտի սարսափեն։
8Լեռները պիտի ելնեն ու դաշտերն իջնեն այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք։
9Սահման դրիր, որպէսզի չանցնեն եւ չողողեն երկիրը նորից։
10Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր, եւ ջրերը լեռների միջով պիտի հոսեն՝
11յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի։
12Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն եւ ժայռերի միջից ձայն պիտի տան։
13Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցուի։
14Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար,եւ հողից հաց հանեցիր։
15Գինին ուրախացնում է մարդուն,իւղը՝ զուարթացնում, եւ հացն ամրացնում է մարդու սիրտը։
16Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ դու տնկեցիր։
17Այնտեղ երկնքի թռչունները ձագ կը հանեն, եւ արագիլի բոյնը նրանց ապաստան կը լինի։
18Բարձր լեռներն եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար։
19Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի։
20Դու խաւարն ստեղծեցիր, ու գիշեր եղաւ, որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի։
21Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով։
22Արեւածագին նրանք հաւաքւում են եւ հանգչում իրենց որջերում։
23Մարդ մինչեւ երեկոյ գնում է իր գործինու վաստակին իր ձեռքերի։
24Որքա՜ն մեծ են գործերը քո, Տէ՛ր, ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու, եւ աշխարհը լցուեց քո ստեղծածներով։
25Ահա ծովը՝ մեծ եւ լայնատարած, որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ.այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ.
26այնտեղ նաեւ նաւերն են լողում։Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ։
27Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս։
28Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են, բացում ես ձեռքդ եւ քո հաճութեամբ սնում բոլորին։
29Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառւում եւ հող են դառնում։
30Ուղարկում ես քո շունչը եւ վերստեղծում նրանց, ու նորոգում երեսն երկրի։
31Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի, եւ Տէրն ուրախանայ իր արարածներով։
32Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին՝ եւ նրանք ծուխ են արձակում։
33Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ։
34Օրհնութիւնն իմ քաղցր կը լինի նրան, եւ ես կ՚ուրախանամ Տիրոջով։
35Թող մեղաւորները պակասեն աշխարհից, եւ ամբարիշտներ թող չգտնուեն նրա մէջ։Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։ Ալէլուիա։