1Չես երկնչի, որովհետեւ ես եմ այդ բոլորը պատրաստել։ Բայց ո՞վ է, որ ինձ պիտի հակառակուի, կամ ո՞վ է, որ ինձ պիտի
2երբ այն ամէնը, ինչ որ կայ երկնքի ներքոյ, իմն է։
3Յանուն նրա՝ վիշապի, ես չեմ լռելու։ Նրա գործն ուժեղ լինելով՝ խղճալու են նրա զուգընկերոջը։
4Ո՞վ կը մերկացնի նրա երեսի քօղը, եւ ո՞վ կը մտնի նրա փակ պատեանից ներս,
5ո՞վ բաց կ՚անի նրա երախի դռները։ Ահն է իշխում նրա ատամների շուրջ-բոլորը.
6փորը պղնձէ վահան է, յօդերը՝ սուր-սուր քարեր, մէկը միւսի յետեւից կպած են,
7նրա միջով օդ չի անցնի։
8Ասես եղբայրն իր եղբօր հետ գնայ. իրարից կը բռնեն ու չեն բաժանուի։
9Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերը փայլածուի տեսք ունեն։
10Նրա բերանից վառուած լապտերներ են դուրս ժայթքում, եւ հրեղէն շանթեր են արձակւում։
11Նրա ռունգերից, ինչպէս հնոցի կրակից, ծուխ է ելնում։
12Նրա շնչից կայծեր են դուրս թռչում, եւ բերանից բոց է դուրս գալիս։
13Նրա պարանոցում զօրութիւնն է հաստատուած. նրա առջեւից կործանումն է ընթանում։
14Նրա մարմնի անդամները ամուր կպած են իրար. եթէ մէկը վրան ընկնի, նա չի էլ խլրտայ,
15որովհետեւ նրա սիրտն ապառաժ քար է կտրել եւ դարբնի սալի նման անշարժ, հաստատուն է։
16Երբ խլրտայ՝ ահը կը համակի երկրի գազաններին, չորքոտանիներին ու զեռուններին։
17Թէ նրան տէգեր, զէնքեր ու նիզակներ հանդիպեն, վնաս չեն հասցնի,
18որովհետեւ նա երկաթը յարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։
19Նրան չի խոցում պղնձէ աղեղը։
20Ռմբաքարը նա խոտի տեղ է ընդունում, լախտը՝ եղէգի։ Ծիծաղում է իր դիմաց ճօճուող կրակի վրայ։
21Սուր-սուր տէգերը նրա անկողինն են։ Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ անբաւ կաւի պէս է։
22Անդունդները կաթսայի պէս է եռացնում։ Ծովը ոչնչութիւն է համարում, անդնդային տարտարոսը՝ մի գերի,
23անդունդները՝ զբօսավայր։
24Երկրի վրայ չկայ բան, որ նման լինի նրան։ Նա ստեղծուել է իբրեւ խաղալիք իմ հրեշտակների համար։
25Արհամարհանքով է նայում ամէն բարձր բանի, եւ ջրերում եղած ամէն ինչի թագաւորն ինքն է»։