Job 28AE1994

1«Յայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանւում է, եւ տեղը ոսկու, ուր այն զտւում է։

2Երկաթը հողից է դուրս գալիս, պղինձն էլ քարի պէս տաշւում է։

3Կարգ է սահմանել խաւարի համար. ինքն է ճշգրտում բոլոր ծիրերը՝

4քարի, խաւարի, մահուան ստուերի, ինչպէս փոշուց է կտրում-բաժանում խրամն հեղեղատի։ Ով մոռանում է ճամփան ճշմարիտ,

5Գալով այս հողին՝ ապա այնտեղից է ելնում հացը. իսկ իր ընդերքը շուռ-մուռ է տրուած, ինչպէս կրակից։

6Նրա քարերը շափիւղայ ունեն, իսկ հողը՝ ոսկի։

7Շաւիղ կայ՝ երբեք ծանօթ չէ թռչնին,եւ ոչ էլ անգղի աչքն է այն տեսել,

8ուր ոտք չի դրել մարդն ամբարտաւան, որտեղով առիւծ չի անցել անգամ։

9Մարդ ձեռքն է գցել ապառաժներին, հիմքից սասանել բարձրաբերձ լեռներ։

10Պատառոտել է գետի յորձանքներ։ Բոլոր պատուական այս բաները ես աչքովս եմ տեսել։

11Գետերի խորքն է երեւան հանել, իր զօրութիւնը ցոյց տուել լոյսին։

12Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։

13Բայց մահկանացուն չգիտէ ուղին դէպ իմաստութիւն. չի էլ երեւում սա մարդկանց միջին։

14Անդունդը ասաց. «Ինձ մօտ դա չկայ», իսկ ծովը ասաց. «Իմ խորքում չէ դա»։

15Դրա փոխարէն գրաւ չի դրւում, ու չի կշռւում դրա գնով մէկ՝ որեւէ արծաթ։

16Սոփերի ոսկու հետ չի դրուի այն նժարի վրայ, ոչ էլ պատուական եղնգաքարի ու շափիւղայի։

17Չեն համեմատ նրա հետ ոսկի, ոչ էլ ապակի, ու չի ճարուի նրա գնով անօթ ոսկեղէն։

18Բարձրութիւններ, խորութիւններ թող չյիշուեն է՛լ. խորքում է փռել Նա ճշմարտութիւնն։

19Չի չափուի հետը եւ տպազիոնը այն եթովպացւոց, ոսկիների հետ չի դրուի երբեք նժարի վրայ։

20Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։

21Թաքնուած է այն բոլոր մարդկանցից, ծածկուած՝ երկնի ամէն թռչունից։

22Կորուստը, մահը ասացին. «Շատ ենք մենք լսել նրա համբաւի մասին»։

23Տէրը հեշտութեամբ պատրաստեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն Ինքը լոկ գիտէ.

24Ինքը ամէն բան երկնքի ներքոյ տեսնում է անձամբ։ Գիտէ ամէն ինչ, որ ստեղծել է աշխարհի վրայ՝

25կշիռը հողմի, չափը ջրերի, որ Ինքն է կարգել։

26Նա Ինքն է տեսել ու մէկ-մէկ հաշուել։ Եւ ճանապարհ է սահմանել ամպի որոտման ձայնով։

27Այն ժամանակ էլ տեսել է Ինքը իմաստութիւնը ու նրա մասին յայտնել է մարդուն.։

28Պատրաստել, քննել ու ասել է Նա. « Աստուածպաշտութիւնն է իմաստութիւն, ու չարիքներից հեռու մնալը՝ խելացիութիւն»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 28.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.