1Յոբը նորից խօսեց ու ասաց.
2«Ո՞վ ինձ կը դարձնէր նախկին օրերիս, ամիսներին իմ, երբ պաշտպանում էր ինձ ինքը Աստուած,
3երբ լուսաւոր էր նրա ճրագը իմ գլխի վերեւ, երբ նրա լոյսով էի ընթանում խաւարի միջով,
4երբ զուարճութեան ճամփի մէջ էի,երբ Տէրն այցի էր գալիս իմ տունը,
5երբ լողում էի հարստութեան մէջ, շուրջս՝ ծառաներ,
6երբ կարագով էր ճամփաս ողողուած, լեռներս կաթով էին ոռոգւում,
7երբ առաւօտեան քաղաք դուրս գալիս՝ հրապարակում էր դրւում աթոռս։
8Տեսնում էին ինձ երիտասարդներ եւ քաշւում էին, ու կանգնում էին ծերերը ոտքի։
9Ընդհատում էին իրենց խօսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։
10Ովքեր բան էին լսում իմ մասին՝ երանի տալիս, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։
11Զի ականջը, որ ունկնդրում էր ինձ, երնէկ էր տալիս, ինձ տեսնող աչքը մի կողմ էր շրջւում։
12Զի աղքատին ես հզօրի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգ որբուկին։
13Կեանքից հեռացող մարդկանց օրհնանքը տեղում էր վրաս, այրու բերանը օրհնաբանում ինձ։
14Արդարութեամբ էի զգեստաւորուել եւ իրաւունքը թիկնոցի նման գցել ինձ վրայ։
15Կոյրին աչք էի եւ կաղ մարդուն՝ ոտք ու խեղճերին՝ հայր։
16Դատ էի անում նրան, ում բնաւ չէի ճանաչում։
17Անիրաւների ծնօտը ջարդում, յափշտակուածը խլում էի ես նրանց ժանիքից։
18Ասում էի, թէ գուցէ տարիքս ծերութեան հասնի, արմաւենու պէս երկար ժամանակ կարենամ ապրել։
19Ջրերի վրայ իմ արմատները լայն տարածուէին, ու ցօղն էլ հանգչէր իմ հնձի վրայ։
20Ակնկալիքս ընդունայն եղաւ. իմ գործիքն, աղեղն իր ձեռքին՝ անցաւ նա։
21Մարդիկ ինձ լսում ու անսում էին, խորհուրդներս տալիս՝ միշտ լռում էին,
22խօսքերիս չէին բան աւելացնում։
23Խնդակցում էին, երբ որ հետները խօսում էի ես. սպասում էին նրանք իմ խօսքին, ինչպէս ծարաւ հողն՝ անձրեւի գալուն։
24Երբ ես նրանց հետ ծիծաղում էի, չէին հաւատում, բայց չէր նուազում լոյսը իմ դէմքից։
25Ինքս էի ընտրում բոլորի ուղին, զերթ իշխան նստում, զօրքի մէջ բազմում իբրեւ թագաւոր»։