1«Ինչո՞ւ մոռացան ամբարտաւանները մեր Տիրոջը. ամբարիշտները սահմանը անցան։
2Հօտը հովուի հետ յափշտակեցին,
3որբուկի էշը քշեցին տարան ու իւրացրին այրու եզն անգամ։
4Շեղեցին խեղճին ուղիղ շաւիղից. երկրի հեզերին, բոլորին մէկտեղ, ընկճեցին նրանք, ու սրանք դարձան մի-մի վայրի էշ դաշտերի
5Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղաւ հացը լկտի մանկանց հետ։
6Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. ամբարիշտների այգին խեղճերը մշակեցին, բայց չստացան հաց, վարձ։
7Բազում մերկերի քնեցրին նրանք առանց հագուստի, զգեստն հանեցին նրանց վրայից։
8Նրանք թրջւում են լեռների ցօղից. քանի որ չունեն բնակուելու տեղ՝ ժայռերի տակ են ապաստան գտնում։
9Յափշտակեցին ստինքից որբին եւ տնանկներին տառապեցրին։
10Իզուր քնեցրին մերկին անհագուստ, սովահարի էլ հացը կտրեցին։
11Դարան սարքեցին կիրճերում իզուր. ճանապարհն ուղիղ՝ չիմացան երբեք։
12Մարդիկ զրկուեցին քաղաքից, տնից. հոգիներն մանկանց խիստ հեծեծեցին։ Իսկ Նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
13Երկրում ապրեցին, սակայն չիմացան. ճանապարհն արդար չճանաչեցին. Աստծու շաւիղով երբեք չընթացան։
14Տեղեկանալով նրանց գործերին՝ խաւարի մատնեց Տէր Աստուած նրանց. ու կը նմանուեն գիշերուայ գողի։
15Շնացողն աչքը խաւարին է լոկ յառում-սեւեռում։ Եւ կ՚ասի՝ «Թող ոչ մէկի աչքը չտեսնի իրեն. քօղ է գցել նա հիմա երեսին»։
16Մութի միջով է փորել իր տունը. ցերեկի դիմաց փակել են իրենց ու չեն իմացել՝ ի՛նչ բան է լոյսը։
17Այգն իրենց համար մահուան ստուեր է, եւ ըմբռնում են նրանք տագնապը մահուան ստուերի։
18Ամբարիշտները աւելի թեթեւ են ջրի երեսին։ Նրանց մի մասը երկրի վրայ կը կործանուի. եւ նրանց տունկերը կը լինեն ցամաքած
19խլեցին որբից խուրձը ցորենի։ Նրանց մեղքերը երեսով տուին։ Ու ցօղի մշուշի նման նա անյայտ էլ կը մնայ։
20Եւ թող նա ստանայ արածի համեմատ. անիրաւ ամէն մարդ թող ջարդուի քայքայուած ծառի պէս,
21քանի որ ամուլ կնոջ բարի բան չի արել,
22որբեւայրուն չի ողորմել, աղքատին կործանել է բարկութեամբ։ Ու անգամ թէ ոտքի կանգնի նա՝ հաւատ չի ունենայ իր կեանքի
23Հիւանդանալիս չի ակնկալի, որ կ՚առողջանայ, այլ կը խրուի նա հիւանդութեան մէջ. իր յոխորտանքով շատ-շատերի է նա
24Կը թառամի նա տօթ եղանակին, ինչպէս որ խոտը կամ ինչպէս հասկը՝ ընկած ցօղունից։
25Թէ լինի մէկը, որ ասի, թէ ես ստե՛ր եմ խօսում, թող որ բանի տեղ չդնի նա էլ իմ ասածները»։