Job 16AE1994

1Յոբը նորից խօսեց ու ասաց.

2«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ։

3Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։

4Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր։

5Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով։

6Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել,

7քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես։

8Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած։

9Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ։ Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս։

10Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ։ Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի

11Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս։

12Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ։

13Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք։

14Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ.

15ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով։ Վրաս են թափուել զօրաւորները,

16եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք։

17Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս։

18Անիրաւութիւն չկար իմ ձեռքին,եւ անարատ էր աղօթքն իմ հոգու։

19Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ։

20Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են։

21Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն։

22Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը։

23Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.