Job 15AE1994

1Եղիփազ Թեմնացին նորից խօսեց ու ասաց.

2«Հոգով հանճարեղն իմաստութեամբ պատասխան կը տա՞յ արդեօք, կ՚անցկացնի՞ իր որովայնի ցաւը,

3եթէ յանդիմանի արտայայտութիւններով, որոնք արժանի չեն, եւ խօսքերով, որոնցից օգուտ չկայ։

4Դրանց երկիւղը դու էլ մերժեցիր ու Տիրոջ առաջ չարաշահեցիր այսպիսի խօսքեր։

5Յանցաւոր եղար բերանիդ խօսքերով, իսկ հզօրների խօսքերը չքննեցիր։

6Քո իսկ բերանն է կշտամբելու քեզ, ոչ թէ ես. շրթունքներդ քո դէմ վկայութիւն են տալու։

7Ի՛նչ է, բոլոր մարդկանցից առա՞ջ ես ծնուել, թէ՞ բոլոր բլուրներից վաղ ես հաստատուել։

8Դո՞ւ ես լսել Տիրոջ հրամանը, թէ՞ քեզ է օժտել նա իմաստութեամբ։

9Այն ի՞նչ է, որ դու գիտես, իսկ մենք՝ ոչ, կամ ի՞նչն է, որ դու կ՚իմանաս, իսկ մենք՝ ոչ։

10Մեր մէջ էլ կան ծերեր, ալեհեր մարդիկ, տարիքով շատ աւելի մեծեր, քան քո հայրը։

11Մեղքերիդ համեմատ շատ քիչ տանջանքներ ես կրել ու աւելի շատ ես մեծաբանել։

12Ինչո՞ւ յանդուգն դարձաւ քո սիրտը, ինչո՞ւ լկտի նայեցին քո աչքերը.

13սրտմտութիւնդ դուրս թափեցիր Տիրոջ առաջ եւ այդպիսի բառեր հանեցիր քո բերանից։

14Այն ո՞ր մահկանացուն է անարատ եղել, կամ այն ո՞ր կնոջածինն է արդար լինելու։

15Եթէ Աստուած սրբերին չի հաւատում, ու երկինքը նրա առաջ անարատ չէ,

16առաւել եւս գարշելի ու պիղծ է այն մարդը, որ անօրէնութիւններն ըմպելիքի նման է խմում։

17Պատմելու եմ քեզ, Յո՛բ, լսի՛ր ինձ։ Ինչ որ տեսել եմ,

18ինչ որ իմաստուններն են ասում, ինչ որ չեն թաքցրել նրանց հայրերը, - պատմելու եմ քեզ։

19Նրանց է միայն տրուել երկիրը, եւ ոչ մի օտարածին չի խառնուել նրանց։

20Ամբարշտի ամբողջ կեանքը հոգսերով է անցնում, ու տարիները բռնակալ մարդուն հաշուով են տրուած։

21Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թէ խաղաղութեան մէջ է՝ նրա վրայ կործանում է գալու։

22Թող չհաւատայ, թէ կը վերադառնայ խաւարից, որովհետեւ արդէն սրի է դատապարտուած։

23Սահմանուած է իբրեւ անգղերին կեր. իր ներսում ինքն էլ գիտէ, որ հաստատ կործանուելու է։

24Մթին օրը զարհուրեցնելու է նրան. անձկութիւնն ու նեղութիւնն են նրա վրայ հասնելու. կործանուելու է իբրեւ առաջին գծի

25որովհետեւ ձեռք է բարձրացրել Տիրոջ դէմ ու ընդվզել է Ամենակալ Տիրոջ դէմ։

26Գոռոզութեամբ, իր վիթխարի վահանով է յարձակուել նրա վրայ։

27Երեսը ծածկել է իր ճարպով ու երկսայրի սուր դրել ազդրին։

28Աւերակ քաղաքներում է բնակուելու եւ անմարդաբնակ տներ մտնելու. ինչ որ իրենք պատրաստել էին, ուրիշներն են տանելու։

29Չի հարստանալու, ունեցուածքը չի մնալու, երկրի վրայ ստուեր չի գցելու, խաւարից էլ չի փրկուելու։

30Նրա բողբոջը հողմն է թառամացնելու. թափուելու է ծաղիկը նրա։

31Թող չհաւատայ, որ հանգիստ է գտնելու. վախճանը փուչ է լինելու։

32Վաղաժամ են կտրուելու ճիւղերը նրա,շիւերն էլ չեն ծաղկելու։

33Խակ պտուղի պէս վաղաժամ է քաղուելու. ձիթենու ծաղկի պէս ցած է թափուելու,

34քանզի մահն է ամբարշտի վկան. հուրն է այրելու կաշառակերների տները։

35Իր մէջ ցաւեր է սաղմնաւորելու. վախճանը փուչ է լինելու. նրա արգանդը նենգութիւն է ծնելու»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.