1«Կնոջածին մարդն է սակաւակեաց ու լի դառնութեամբ։
2Ով որ ծաղկել էր որպէս մի ծաղիկ՝ թափուեց ու ընկաւ, փախաւ իբր ստուեր. հաստատ չի մնայ։
3Մի՞թէ նրան ես հաշուի առնելու եւ ներս տանելու Քո դատաստանին։
4Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ո՛չ ոք. թէկուզ եւ կեանքն երկրի վրայ մէկօրեայ լինի։
5Արդ, հաշուուած են օրերը նրա. ժամ ես դրել Դու, խոյս չի տայ երբեք։
6Հեռո՛ւ նրանից, որ հանգչի մի քիչ, հաճոյք ստանայ իր կեանքից գէթ իբր մի վարձկան։
7Ծառի համար իսկ գտնւում է յոյս. թէեւ կտրում են, նորից է ծաղկում։ Ճիւղերը նրա դեռ չեն պակասում։
8Անգամ արմատը թէ որ ծերանայ խորքի մէջ հողի, քարերի մէջ էլ խեղդուի բունը, -
9ջրի հոտից իսկ կը ծաղկի իսկոյն, նորատունկի պէս պտուղներ կը տայ։
10Բայց մահկանացուն՝ վախճանուած մարդը գնում է եւ է՛լ գոյութիւն չունի։
11Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են.
12նոյնպէս մարդիկ թէ ննջեն՝ է՛լ վեր չեն կենայ։ Մինչեւ երկինքը իսպառ չլուծուի՝ չեն զարթնի քնից։
13Ու երանի թէ գերեզմաններում պահէիր դու ինձ, մինչեւ որ անցնէր բարկութիւնը քո, եւ ժամանակ ինձ նշանակէիր, յիշէիր դու
14Մարդը թէ մեռնի՝ կ՚ապրի՞ նա դարձեալ՝ ամբողջացնելով օրերն իր կեանքի։ Պիտի սպասեմ, մինչեւ որ կրկին գոյութիւն առնեմ։
15Դու ձայն կը տաս ինձ՝ կը պատասխանեմ։ Մի՛ մերժիր գործը քո սուրբ ձեռքերի։
16Նկատել ես վարքը իմ. չի վրիպի քեզանից մեղքերիցս ոչ մին։
17Յանցանքներս կնքել ես քսակի մէջ.նշել, թէ ի՛նչ յանցանք եմ գործել ակամայ։
18Փլուելու ենթակայ լեռը պէտք է փլուի. եւ վէմն էլ պիտ շարժուի իր տեղից։
19Եւ ինչպէս ջրերն են քարերը ողորկում,հեղեղում դաշտերը կոշտ հողի,այնպէս էլ դու մարդու յոյսերն ես չքացրել։
20Մերժել ես նրան իսպառ. նա անցել գնացել է։ Դու նրա երեսն ես աւերել ու այդպէս արձակել։
21Թէպէտեւ նա բազում որդիներ ունենայ, նա այդ չի իմանայ, իսկ եթէ սակաւ էլ լինեն, չի ճանաչի։
22Բայց անդամներն իր ախտահարուած են, իսկ հոգին նրա սգում է իր մէջ»։