Job 13AE1994

1Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս։

2Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից։

3Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար։

4Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն։

5Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան։

6Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք։

7Չէ՞ որ մեր Տիրոջ առաջ էք խօսում, նրա յանդիման նենգ բարբառում էք։

8Ետ պիտի քաշուէ՞ք։ Ո՛չ, ինքներդ ձեզ եղէք դատաւոր։

9Բայց բարւոք է, որ ինքը քննի ձեզ։ Զի թէ արուածը իրեն վերագրէք՝ նա էլ ձեզ նուազ չի կշտամբելու։

10Իսկ եթէ ծածուկ՝ աչառու լինէք մարդկանց նկատմամբ,

11Իր արհաւիրքը ահի կը մատնի, նրա երկիւղը կը թափուի ձեզ վրայ։

12Պերճանքը ձեր մոխրի պէս կը լինի, մարմինը՝ կաւի։

13Լռեցէ՛ք, զի ես եմ խօսելու, գտնելու անդորր իմ զայրոյթից։

14Մարմինս առնեմ ատամներիս մէջ, հոգիս ամփոփեմ ձեռքերի մէջ իմ։

15Թէ որ իջեցնի Ամենազօրը ձեռքը ինձ վրայ (սկսել էլ է)՝ չե՞մ խօսելու ես Նրա առաջին եւ պաշտպանուելու փորձեր անելու։

16Կը դառնայ դա ինձ իբրեւ փրկութիւն, զի նրա առաջ նենգ բան չի կանգնի։

17Լսեցէ՜ք, անսացէ՜ք խօսքերիս. ի լուր ամենքիդ եմ ասում ես սա։

18Մօտ եմ ես ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երեւալու ես։

19Ո՞վ է ոսոխն իմ, որ դէմ կանգնի ինձ. ինչո՞ւ կաշկանդուեմ եւ կամ էլ մեռնեմ։

20Երկու բաներ են լոկ անհրաժեշտ ինձ. այն ժամանակ է՛լ հո չե՞մ թաքնուի ես Քո երեսից։

21Ե՛տ քաշիր ինձնից ձեռքդ. եւ ահդ թող ինձ չսարսափեցնի։

22Յետոյ դիմի՛ր ինձ, ու Քեզ կը լսեմ, թէ խօսես ինձ հետ՝ պատասխան կը տամ։

23Որքա՞ն մեղք ունեմ, անօրէնութիւն, հասկացրո՛ւ Դու ինձ՝ որքա՞ն են դրանք։

24Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից։ Ինձ Քեզ թշնամի՞ ես հաշւում արդեօք,

25թէ՞ քամուց շարժուող տերեւից ես Դու վախենում այդպէս, կամ թէ հակառա՞կ ես կանգնում Դու ինձ՝ հողմավար խոտիս։

26Իմ դէմ չար վճիռներ գրեցիր ու վրաս գցեցիր ջահելի մեղքերս։

27Ոտքերս դրեցիր կոճղի մէջ, խուզարկու դարձար իմ գործերին, քննեցիր նոյնիսկ ոտնահետքերս,

28մինչդեռ մարմինս է հին տիկի պէս, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պէս»։

© Mother See of Holy Etchmiadzin and Armenian Bible Church, 1994

Choose Translation

Switch translation for Job 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.