Psalms 34
1 Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի։
2 Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը թող լսեն եւ ուրախանան։
3 Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը։
4 Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ։
5 Նորան են մտիկ տալիս եւ լուսաւորվում. եւ նորանց երեսը չի ամաչիլ։
6 Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան։
7 Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց։
8 Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է. երանելի՜ է այն մարդը՝ որ յուսացած է նորան։
9 Վախեցէք Տէրիցը, ով նորա սուրբեր, որովհետեւ նորանից վախեցողների համար պակասութիւն չկայ։
10 Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չունին։
11 Եկէք, որդիք լսեցէք ինձ. ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ։
12 Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար,
13 Պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չխօսեն։
14 Հեռացիր չարիցը եւ գործիր բարին. խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա։
15 Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ։
16 Տիրոջ երեսը չարագործների վերայ է, որ նորանց յիշատակը երկրիցը ջնջէ։
17 Արդարներն աղաղակում են եւ Տէրը լսում է. եւ իրանց ամեն նեղութիւններիցը փրկում է նորանց։
18 Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին,
19 Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան։
20 Տէրը պահում է նորա ամեն ոսկորները որ նորանցից ոչ մէկն էլ չկոտրուի։
21 Չարութիւնը ամբարշտին կսպանէ, եւ արդարին ատողները կդատապարտուին։
22 Տէրը փրկում է իր ծառաների անձը, եւ բոլոր նորան յուսացողները չեն դատապարտուիլ։