1Բարձր կանեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. եւ կօրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։
2Ամեն օր կօրհնեմ քեզ, եւ քո անունը կգովեմ յաւիտեանս յաւիտենից։
3Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. եւ նորա մեծութեանը չափ չկայ։
4Ազգ ազգի կգովէ քո գործերը. եւ կպատմեն քո զօրութիւնները։
5Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կմտածեմ։
6Քո ահաւոր զօրութեան մասին կխօսեն. եւ ես քո մեծութիւնը կպատմեմ։
7Քո շատ քաղցրութեան յիշատակը կհրատարակեն. եւ ցնծութիւնով կպատմեն քո մեծութիւնը։
8Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։
9Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։
10Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։
11Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։
12Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։
13Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։
14Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին։
15Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։
16Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։
17Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։
18Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։
19Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։
20Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. բայց բոլոր ամբարիշտներին կկորցնէ։
21Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կխօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կօրհնէ յաւիտեանս յաւիտենից։